Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-05-2019
«Կիրառական արվեստը՝ որպես ինքնաարտահայտման միջոց»
«Լիլիթ» նորաձևության դպրոցի սաները նորովի են ներկայացել «Կիրառական արվեստը՝ որպես ինքնաարտահայտման միջոց» խորագրով ցուցահանդեսին: Այս անգամ ոչ թե հագուստի էսքիզներ են ցուցադրված, այլ գեղանկարներ` ներշնչված բնությունից, մարդկանցից և այն ամենից, ինչի մեջ կարելի է գեղեցիկը գտնել:

«Առաջին անգամ ենք ներկայանում գեղանկարների ցուցադրությամբ, սա յուրահատուկ արտթերապիա է,- մեզ հետ զրույցում ասաց «Լիլիթ» նորաձևության դպրոցի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Մարգարյանը և հավելեց,- նորաձևության դպրոց են դիմում մարդիկ, ովքեր երբեք չեն նկարել, բայց մեկ տարի սովորելուց հետո այնպիսի նկարներ են նկարում, որոնցով անվերջ կարելի է հիանալ»:

Էլեն Բաղդասարյանը նրանցից մեկն է: Մասնագիտությամբ հոգեբան է, սիրած զբաղմունքը` հագուստի մոդելավորումը, իսկ երբ առաջին անգամ  փորձեց նկարել, այնքան հաջող ստացվեց, որ դրանք տեղ  գտան ցուցահանդեսում. 

«Հենց նկարեցի, սիրահարվեցի գեղանկարին, կտավին: Նկարելիս մեծ հաճույք եմ ստանում: Հիմնականում սիրում եմ հագուստ նկարել, իսկ ոգեշնչվում եմ ամեն ինչից` ծաղկից, տերևից, մինչևիսկ՝ իմ երեխաներից»,-ասում է նա:

Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ֆենիքս» գրախանութում: Նորաձևության դպրոցի սաների կողմից գեղանկարների ցուցահանդեսները շարունակական կլինեն:

Պատկերասրահ՝ «Կիրառական արվեստը՝ որպես ինքնաարտահայտման միջոց» խորագրով ցուցահանդեսը