Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-05-2019
Երիտասարդական «ԵՎՐՈ-2019»-ի վիճակահանության հանդիսավարի անունը հայտնի է
Հանրահայտ շոումեն, երգիչ, դերասան եւ հաղորդավար Արամ MP3-ը կլինի Մ19 տարեկանների «ԵՎՐՈ-2019»-ի վիճակահանության արարողության հանդիսավարը։

Հայ ֆուտբոլասերներից շատերը գիտեն, որ այս տարի հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում խոշոր ֆուտբոլային միջոցառում է սպասվում։ Կայանալու է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը։ Մրցաշարի վիճակահանությունը, որը եւս կարեւոր իրադարձություն է, տեղ է ունենալու մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին՝ Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում:

Հատկանշական է, որ մրցաշարի մասնակից 8 հավաքականներն արդեն հայտնի են։ Դրանց թվում են Հայաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։ Վերջիններս վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 հավասար խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ:

Հանրահայտ շոումեն, երգիչ, դերասան եւ հաղորդավար Արամ MP3-ը (Սարգսյան) մասնակցել էր նաեւ ֆուտբոլային բրենդային մետրոյի գնացքի գործարկման միջոցառման հանդիսավոր արարողությանը։ ՀՖՖ-ից հայտնում են, որ ներկայում պարտադիր զինվորական ծառայության մեկնած Արամ MP3-ը կհանդիսավարի նաեւ Մ19 տարեկանների «ԵՎՐՈ-2019»-ի վիճակահանության արարողությունը: