Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-05-2019
Ամպրոպից հետո ամեն ինչ գրեթե պարզ է
Ավարտին է մոտենում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, որի վերջին տուրում սպասվում է մրցաշարի ամենադրամատիկ խաղերից մեկը։

Վերջին ամիսներին լավ թափ հավաքած «Փյունիկի» չեմպիոնությունը ֆուտբոլասերների շրջանում գրեթե կասկած չէր հարուցում. ամեն ինչ տանում էր դեպի երեւանյան ակումբի՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող դառնալուն։ Ամեն ինչ փոփոխվեց, երբ քաղաքային դերբիում՝ «Փյունիկ»-«Բանանց» խաղում, ոչ-ոքի՝ 1-1 հաշիվ գրանցվեց, իսկ հաջորդ տուրում էլ մրցավարական կոպիտ սխալի հետեւանքով «Փյունիկը» եւս երկու միավոր կորցրեց. «Լոռիի» հետ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարի՝ վերջին ամիսների առաջատարից այլեւս ոչինչ կախված չէ։

Ի տարբերություն «Փյունիկի» վերջին մրցելույթների՝ բավականին վերելքով է հանդես գալիս «Արարատ-Արմենիան»։ Մայիսի սկզբին նախ «Փյունիկին» (գրանցվել է 1-4 հաշիվ), ապա նաեւ «Գանձասար-Կապանին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Արարատ-Արմենիան» զգալիորեն զիջել էր դիրքերը, եւ գրեթե կորցրել չեմպիոն դառնալու հույսերը՝ ակնկալելով միայն, որ մրցակիցները կարող են սայթաքել։ Սակայն ինչպես ասում են կրակից հառնող փյունիկի դերում այս անգամ ոչ թե թռչնին համանուն թիմն էր, այլ «Արարատ-Արմենիան»։

Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես եկող «Արարատ-Արմենիային» հաջողվեց հաղթել չեմպիոն «Ալաշկերտին», ապա նաեւ Գյումրիում հյուրընկալվելիս առավելության հասնել տեղի «Շիրակի» նկատմամբ։ 35-րդ տուրում «Արարատ-Արմենիան» իր հանդիպումն ավելի վաղ խաղաց՝ մայիսի 24-ին ուժերը չափելով «Արցախի» հետ։ Գրանցվեց 2-0 հաշիվ, եւ կրկին մեծ ճնշում էր դրվել չեմպիոնության հավակնորդ «Փյունիկի» վրա։

Մայիսի 26-ին «Փյունիկին» հաջողվեց 2-1 հաշվով առավելության հասնել մրցաշարի հետնապահի՝ «Արարատի» նկատմամբ, ինչից հետո երեւանյան թիմը կրկին գլխավորեց աղյուսակը։ Սակայն, 36-րդ տուրում «Փյունիկը» հանգստանալու է. թիմն ավարտեց մրցելույթները այս մրցաշրջանում։

Մինչդեռ բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում անչափ կարեւոր հանդիպում ունի «Արարատ-Արմենիան»։ Մրցակիցը մայիսի 4-ից հետո հաղթանակի համը չճաշակած «Բանանցն» է, որը եւս մեկ ամիս առաջ լուրջ շանսեր ուներ չեմպիոնության համար պայքարելու, սակայն երկու ոչ-ոքիներից եւ անընդմեջ երկու պարտություններից հետո երեւանյան թիմը այժմ միայն կարող է 3-րդ տեղում ամրանալ, քանի որ «Ալաշկերտին» վերջին տուրից առաջ գերազանցում է ընդամենը մեկ միավորով։

Փաստացի, մայիսի 30-ին կայանալիք «Բանանց» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը դառնում է 2018-2019 մրցաշրջանի կարեւորագույն մրցավեճը, որի արդյունքում էլ լուծվելու առաջնության չեմպիոնի հարցը։ Միմիայն հաղթանակի դեպքում «Արարատ-Արմենիան» կհռչակվի չեմպիոն, իսկ եթե «Բանանցին» հաջողվի հաղթել, ապա թիմը կամրանա 3-րդ տեղում՝ անկախ զուգահեռաբար սպասվող «Լոռի» - «Ալաշկերտ» հանդիպման ընթացքից։ Անգամ ոչ-ոքի արդյունքը առաջնության չեմպիոն կդարձնի «Փյունիկին», իսկ «Բանանցը» ստիպված կլինի իր համար դրական արդյունք ակնկալել Վանաձորում կայանալիք հանդիպումից։ Այսպիսով՝ երկու թիմերին էլ միմիայն հաղթանակ է պետք, չնայած նոր «ամպրոպ» հայկական ֆուտբոլում դժվար է սպասել. այն տեղի ունեցավ օրեր առաջ Վանաձորում։

Վերջին տուրից առաջ Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն ունի այսպիսի տեսք.