Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-05-2019
Հայաստանի հավաքականի մրցակիցները մրցաշարի ուժեղագույններն են
Մինչեւ 19 տարեկանների «ԵՎՐՈ-2019» մրցաշարի վիճակահանության արդյունքները հայտնի են։

Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացավ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Պաշտոնական արարողությանն իրենց մասնակցությամբ էին պատվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելլին։

Կարեւոր ստուգատեսին մասնակցող Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց «А» խմբում։ Վիճակահանության արդյունքներով Հայաստանի տարիքային հավաքականն ուժերը կչափի մրցաշարի ուժեղագույն հավաքականների հետ՝ Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա։ Սա, ինչ խոսք, խոստանում է բավականին մեծ փորձառության կուտակում, չնայած Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի մարզչական շտաբը դժգոհ չէ վիճակահանության արդյունքից։

«B» խմբում վիճակահանության արդյունքում հայտնվեցին Չեխիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի եւ Ֆրանսիայի ընտրանիները: Այս խմբում, թերեւս, մրցաշարի հաղթողի ընդգծված ֆավորիտներ չկան։

Հատկանշական է, որ 2018 թ.-ին Ֆինլանդիայում կայացած Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողը Պորտուգալիայի տարիքային հավաքականն է։ Վերջինս կփորձի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանել չեմպիոնական կոչումը։

Ի դեպ, 2018 թ.-ի եզրափակիչում հանդիպել էին Պորտուգալիայի եւ Իտալիայի հավաքականները։ Հանդիպումն անցել էր բավականին գոլառատ պայքարում։ Պորտուգալացիները մրցակցին 4-3 հաշվով հաղթել էին միայն լրացուցիչ ժամանակում։