Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 03-06-2019
Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է
Այս տարի՝ հունիսի 3-ին, երկրորդ անգամ կնշվի Հեծանիվի համաշխարհային օրը (World Bicycle Day):

Տոնը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից` 2018թ.-ի ապրիլին:  Ընդունված բանաձևին հավանություն է տվել 56 երկիր:

Նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հեծանիվն էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտի ձևն է, որի օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքին, առողջության պահպանմանը, ինչպես նաև սպորտի զարգացմանը: Սա իհարկե համահունչ է ՄԱԿ-ի կողմից 2015թ.-ին ընդունված կայուն զարգացման ոլորտի նպատակներին:

Բացի այդ, ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին հեծանիվին ուշադրություն դարձնել ոչ միայն որպես ֆիզիկական, հոգեկան առողջության և բարեկեցության բարելավման միջոցի, այլև հասարակության մեջ հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել:

Հայաստանում հեծանվային սպորտը բավականին տարածված է: Հայաստանում գործող Հեծանվորդների ֆեդերացիան հաճախ է կազմակերպում հեծանվային շքերթներ, մրցույթներ, որին մասնակցում են և' իգական սեռի, և' արական սեռի ներկայացուցիչները: