Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-06-2019
Երևանում ցուցադրվեց «Դիրիժորի դիմանկարը» ֆիլմը
Mezzo TV-ն 25 րոպե տևողությամբ ֆիլմ է նկարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին: Այն հունիսի 7-ին ցուցադրվեց «ԿինոՊարկ»-ում:


Ֆիլմը կոչվում է «Դիրիժորի դիմանկարը», որը ցույց է տալիս  երաժշտի անցած ուղին՝ առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը և ելույթներն աշխարհի տարբեր բեմերում։



«Mezzo-ի պարտականությունն է աշխարհին ցույց տալ տաղանդավոր արտիստներին։ Ֆիլմը, որտեղ ներկայացված է Սերգեյ Սմբատյանը, ցուցադրվել է 60 երկրներում, և հինգ տարի շարունակ պետք է ներկայացվի»,- նշեց Mezzo TV-ի համագործակցության և զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին:



Ֆիլմը նկարահանվել է 2018թ.-ին Գերմանիայում: Այդ ժամանակ Սերգեյ Սմբատյանը Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգ է ունեցել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:



«Երբ 18 տարեկանում առաջին անգամ կանգնեցի դիրիժորական վահանակի առաջ, հասկացա, որ դիրիժորությունը իմ երազանքի մասնագիտությունն է»,- ֆիլմում պատմում է Սերգեյ Սմբատյանը:
 


Հավելենք նաև, որ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է նկարահանել: