Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-06-2019
Հայտնի են «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի դափնեկիրները
Հունիսի 12-ին կայացավ Անահիտ Բայանդուրի անվան «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի հանձնման արարողությունը:
Նշենք, որ միջազգային մրցանակը շնորհվում է արդեն 8-րդ անգամ: 
 
Եվ այսպես՝ «Խաղաղության կառուցման գործում և գենդերային զգայուն քաղաքականության մեջ կանանց տեսանելիության բարձրացման համար կատարած ակնառու աշխատանքի» համար  մրցանակին արժանացավ Մունա Լուքմանը (Եմեն), «Հակամարտության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության գործում կատարած բացառիկ աշխատանքի» համար  մրցանակը շնորհվեց Շիրին Յուրդին (Լիբանան),  «Կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության և արդարության գործում կատարած բացառիկ աշխատանքի» համար  մրցանակի արժանացավ Մալիկա Աբուբակարովան (ՌԴ, Չեչնիա):

Երեկոյի ընթացքում հատուկ պատվոգրեր շնորհվեց նաև« Արտիսիմո» ՀԿ-ի և «Ոսկեփորիկ»  գեղագիտության զարգացման կենտրոնի ղեկավար Էկա Հորստկանին (Հայաստան) «Ներառական և կայուն համայնքների կառուցման գործում նվիրյալ աշխատանք կատարելու համար»: «Փախստական և խոցելի համայնքներին մարդկային անվտանգություն ապահովելու համար»  հատուկ պատվոգրի արժանացավ  «Առաքելություն Հայաստան»  բարեգործական հասարակական կազմակերպությունը (Հայաստան):

Մրցանակաների հանձնման արարողությանը «Երաժշտություն առանց սահմանների»  կարգախոսով համատեղ կատարմամբ ելույթ ունեցան Էկա Հորստկան  (Հայաստան) և Այսենուր Քոլիվարը (Թուրքիա): «Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոնն էլ հանդես եկավ թատերական ներկայացմամբ:

Միջոցառման ընթացքում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի հիմնադիր Գյուլնարա Շահինյանը ներկաներին պատմեց «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի մասին: Նա ներկայության համար շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին ու շեշտեց, որ մրցանակի կազմկոմիտեն էլ է կազմված կանանցից: 
 
«Երբ մենք ստեղծեցինք մրցանակը, նպատակը ոչ թե մրցանակ տալն էր, այլ ներդրում ունենալը կանանց շարժման գործընթացին, գնահատել կանանց աշխատանքը: Ինչո՞ւ է պետք երիտասարդ կանանց մրցանակ տալ. պետք է նշել, որ ամբողջ աշխարհում կանայք խաղաղության հաստատման ասպարեզում մեծ գործ են անում, բայց նրանց մասին չգիտեն, եւ նրանք էլ շատ հաճախ չեն գիտակցում իրենց գործի կարեւորությունը»,- մրցանակաբաշխության արարողությանն ընդգծեց Գյուլնարա Շահինյանը: 

«Երիտասարդ կանանց խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակ»-ը հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի եւառաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարեւորագույն դերի ճանաչման, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով: Մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով եւ խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է: Մրցանակը կրում է Անահիտ Բայանդուրի անունը:
 
Պարգեւի նպատակն է ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաեւ նրանց խրախուսել եւ աջակցել՝ դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլեւ այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են: Պարգեը նախատեսված է աջակցելու խաղաղության կառուցողների նոր սերնդին:

Պատկերասրահ՝ «Երիտասարդ կանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի հանձնման արարողությունը