Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-06-2019
Խաչատրյանի միջազգային մրցույթում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչը
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը։ Երկրորդ մրցանակակիր դարձավ Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Միսո Գաոն (Չինաստան)։ Եղան նաև մի շարք հատուկ մրցանակներ. Հռիփսիմե Աղաքարյանն արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Մրցույթի փակման գալա համերգը կայացավ հունիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 
 
Երեկոյի ընթացքում առաջին մրցանակակիրները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցին Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ 

Նշենք, որ Հռիփսիմե Աղաքարյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 

«Ինձ համար, սակայն, ամենապատասխանատուն Խաչատրյանի միջազգային մրցույթն է, քանի որ այն Հայաստանում է անցկացվում և կրում է մեր մեծ կոմպոզիտորի անունը,-ասաց Հռիփսիմե Աղաքարյանը և հավելեց,-մրցույթը շատ բարձր նշաձող ունի, մասնակիցներն աչքի էին ընկնում կատարողական վարպետությամբ: Ես շատ ուրախ եմ արժանանալու համար խաչատրյանական մրցույթի բարձրագույն պարգևին»:
 
Խաչատրյանի մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նշեց, որ Խաչատրյանի բոլոր 15 մրցույթները մեծ հեղինակություն են ունեցել, մրցույթի հաղթողների թվում կան հիանալի կատարողներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։
 
«Ես նրանցից ոմանց հետ ելույթ եմ ունեցել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում։ Երախտագիտությունս եմ հայտնում ժյուրիի անդամներին, որոնք շատ ուշադիր գնահատել են բոլոր մասնակիցներին և ընտրել լավագույններին»,-ասաց Պավել Կոգանը։

Հավելենք, որ Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի փակման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ։ 

Պատկերասրահ՝ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի գալա համերգը