Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Լիա Ասատրյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 22-06-2019
Պետք է զգաս, որ գրողը հենց քեզ հետ է խոսում. Լիա Ասատրյան
Երիտասարդ գրող Լիա Ասատրյանի առաջին գրքի՝ «Կյանքը ու ես» բանաստեղծությունների ժողովածուն ներառում է 2007-2017թթ. ընթացքում գրված հայերեն և անգլերեն բանաստեղծությունները, բաղկացած է «Երկու բարդի և այլ բանաստեղծություններ», «Սևակին», «Քեզնից հետո՝ միշտ քեզ հետ», «Հեռացում և դարձ», “The Night Has Never Seen The Day”, “Be Still, My Heart” շարքերից: Երիտասարդ գրողը գիրքը նվիրում է պապիկի՝ գրականագետ Սերգեյ Սարինյանի հիշատակին:

Մեր զրուցակիցն է երիտասարդ գրող Լիա Ասատրյանը։

Լիա, ո՞ր տարիքից ես սկսել ստեղծագործել։

-Առաջին բանաստեղծությունը վեց տարեկանում եմ գրել: Քսաներկու տարեկան էի, երբ սկսեցի ավելի հաճախ ստեղծագործել:

Ի՞նչը բեկումնային եղավ քո ստեղծագործական կյանքի վրա:

-Որոշակի խնդիրների հետ բախվելը. դժվարությունները կարող են լավ մուսա լինել: Նաև Սևակի և Թումանյանի ստեղծագործությունները վերընթերցելը: 



Տպագի՞ր, էլեկտրոնայի՞ն, թե՞ աուդիո գիրք: 

-Տպագիր: Ինձ համար այդ ձևաչափն ավելի հոգեհարազատ է: Աուդիո գրքերը բավականին օգտակար կարող են լինել նոր լեզու սովորելիս:

Գրելիս թիրախային խմբեր ընտրո՞ւմ եք, թե՞ դա մի գործընթաց է, որը «շահեր» չի հետապնդում:

-Ոչ, թիրախային խումբ չեմ ընտրում: Թիրախը մարդն է, ով քո ասելիքը կընկալի:

Ըստ Ձեզ` այսօր երիտասարդությունը ընթերցո՞ւմ է. ավագ սերնդի ներկայացուցիչները այդպես չեն կարծում:

-Ընթերցում է, ինչը շատ ուրախալի է: Նաև լավ է, որ կան երիտասարդներ, ովքեր «մեյնսթրիմ» ստեղծագործություններ կարդալով չեն սահմանափակվում:

Ինչպիսի՞ն պետք է լինի գրականությունը, որ դու կարդաս:



-Պետք է անկեղծ լինի և ասելիք ունենա: Նաև հեղինակի գրելու ոճը պետք է հավանեմ:

Այսօրվա հայ ժամանակակիցներին կարդում ե՞ս, ստացվո՞ւմ է նրանց կերպարների զգացմունքայնությունը զգալ:

-Երբեմն, բայց հիմնականում՝ ոչ: Իհարկե կան լավ ժամանակակից գրողներ, բայց նաև շատ են զարմացնել փորձող, առանձնապես ասելիք չունեցող ստեղծագործողները:

Երիտասարդ գրող լինելով հանդերձ՝ հետաքրքիր է, ի՞նչն է խանգարում այսօրվա գրողին սեփական գրականությունը տեղ հասցնել կամ կերտած կերպարը կարողանալ ճիշտ ներկայացնել: Քեզ ի՞նչ է պետք դրա համար:

-Խանգարող հանգամանքները շատ չեն: Կարծում եմ պետք է սեփական մտածելակերպ ունեցող և ոչ անտարբեր ընթերցող:



Երիտասարդ հայ գրողները «իրացվելու» լսարան ու պահանջարկ ունե՞ն այսօր:

-Իհարկե, իրացման մեծ խնդիր կա: Կարծում եմ ինչ-որ մեխանիզմներ պետք է լինեն՝ երիտասարդ գրողներին աջակցելու համար:

Եվ վերջում՝ գիրքը թերթելիս, պետք է…

-Պետք է զգաս, որ գրողը հենց քեզ հետ է խոսում: