Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի
Տեղադրվել է 23-06-2019
Breakletics-ի բաց դաս` աշխարհահռչակ Պետեր Սովինսկու հետ
Այսօր առաջին անգամ Հայաստանում կայացավ «Breakletics - HIIT the Beat» բաց դասընթաց, որը վարեց Բեռլինից ժամանած Breakletics-ի հիմնադիր, աշխարհահռչակ Պետեր Սովինսկին: Միջոցառումը տեղի ունեցավ «ԻնՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնում: Ներկաները մեծ խանդավառությամբ դիմավորեցին պարային այս յուրահատուկ ձևի հիմնադրին, նաև վայելեցին նրա կատարումը:
Պետեր Սովինսկին նշեց, որ ուրախ  է Հայաստանում գտնվելու համար, որտեղ Breakletics-ն արդեն մեծ զարգացում է ապրում:

Նշենք, որ Breakletics-ն աշխարհում որպես ֆիթնես ուղղություն 3 տարի է ինչ գոյություն ունի: Ստեղծման օրվանից սկսել է տարածվել նաև Հայաստանում:

«Breakletics-ը որպես պարային, սպորտային ուղղություն Հայաստանում մեծ զարգացում է ապրում: Այստեղ էլ կան արդեն բարձր որակավորում ունեցող մարզիչներ,- մեզ հետ զրույցում նշեց «ԻնՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնի փոխտնօրեն Սեդա Արշակյանը և հավելեց,- Պետերի հետ հանդիպումն էլ երկար սպասված էր: Մենք խրախուսում ենք նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը մեր ակումբում: Մարդիկ պետք է հասկանան, որ առօրյա հոգսերից բացի, պետք է կոփել մարմինը ֆիզիկապես, որը կբերի նաև հոգևոր հանգստության»:

Breakletics-ի մարզիչ Աղվան Թևոսյանն էլ փաստեց, որ Ֆիթնեսի տեսակների համեմատ` Breakletics-ն ավելի հետաքրքիր և էներգետիկ է. «Մեր կարգախոսն է՝ երբ սպորտն ապրելակերպ է: Breakletics-ը մարդկանց մոտ զարգացնում է կորդինացիան, շարժունակությունը, ամբողջ մկանային համակարգը: Կա երաժշտություն, որը հատուկ ստեղծված է Breakletics-ի համար, և ամբողջ դասընթացն ուղեկցվում է երաժշտությամբ»:

Breakletics-ը ֆիթնեսի, բրեյք դանսի և վորքաութի համադրություն է: Ներառում է պիլատեսի, յոգայի, պարերի և ֆունկցիոնալ թրեյնինգի տարրեր: Այն բարձր ինտենսիվության, կարդիոուժային մարզման ձև է, որը զարգացնում է ուժային և իմունային դիմադրողականությունը, կորդինացիան, կենտրոնանալու ունակությունը, շարժունակությունը, հավասարակշռությունը, տալիս է մարմնին ճկունություն, ռիթմի զգացողություն, արագություն, նպաստում է ստեղծագործական մտքի զարգացմանը, և զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերը հավասարաչափ: