Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-06-2019
Նոր գույն հայկական պարարվեստում` «Մարոն» բալետային ներկայացում
Հայ պարարվեստի ներկապնակը համալրվեց ևս մեկ և շատ վառ գույնով․ հունիսի 28-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Մարո» խորեոգրաֆիկ բալետային ներկայացման առաջնախաղը։

Բեմադրության հեղինակը վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանն է։ Այն նվիրված էր Հովհ․ Թումանյանի 150-ամյակին։ «Մարոն» բալետային ներկայացման երաժշտական ձևավորման համար օգտագործվել են Ռոմեն Դավթյանի, Գրիգոր Եղիազարյանի և Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները, ռեժիսորն է Արամ Սուքիասյանը։

«Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը վստահ է՝ յուրաքանչյուր հայ ստեղծագործ մարդ պարտավոր է անդրադառնալ Թումանյանական ստեղծագործություններին։

«Թումանյանական գործերն արդի են։ Սա գեղանկարչական մեծ պաստառ է, որը բեմադրելու մտահաղացումը դեռ անցած տարվանից ունեի և այդ առիթով հրավիրեցի հրաշալի ռեժիսոր Արամ Սուքիասյանին, որպեսզի միասին աշխատենք»,- նշեց բեմադրիչը, հավելելով, որ սա իրենց համատեղ վեցերորդ մեկ գործողությամբ աշխատանքն է։

Գլխավոր դերակատարի՝ 9-ամյա Մարոյի կերպարում հանդես էր գալիս 13-ամյա Արինա Մանուկյանը, ով պարի անսահման լեզվով արտահայտեց պոեմի ամեն մի տող։ Նա մեկ ընդվզում էր, ապա սիրում, հաջորդ վայրկյանին՝ նեղանում կամ վախենում Սաքոյից և իր ծնողներից։

Արինան պատմում է, որ 3 փուլից բաղկացած քասթինգ է անցկացվել և գրեթե 10 մասնակցից Մարոյին մարմնավորելու պատասխանատվությունը վստահվել է իրեն։

Ներկայացման մեջ շատ գեղեցիկ էր ընդգծված նաև Ամենայն հայոց բանաստեղծի կերպարը․ Թումանյանը քայլում էր ներկայացման հերոսների հետ զուգահեռ, մատնանշում ժամանակի բարքերը և ավելի խոսուն «Թումանյանական մտածողություն» պատկերացնել չէր էլ կարելի։ 

Երեկոն մեկնարկեց թումանյանական մեկ այլ՝ «Լոռեցի Սաքոն» մեկ գործողությամբ ներկայացմամբ, որի գլխավոր դերակատարին մարմնավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Շվեդիայի արքայական թատրոն»-ի առաջատար բալետային արտիստ Արսեն Մեհրաբյանը։

«Ես դեռ մանկուց այս բեմադրության մեջ եմ․ հայրս Հալեպում էր բեմադրում այն, ապա նաև Հայաստանում։ Երկու սերունդ արդեն տեսել եմ՝ ես երրորդ Սաքոն եմ»,- նշում է արտիստը, հավելելով,- «Շատ հոգեհարազատ է այս բեմադրությունը՝ այն խորը դրամատիկ խորեոգրաֆիա ունի և շատ ուրախ եմ, որ թումանյանական այս միջոցառման մի մասնիկը կարողացա դառնալ»։

Մեկ ու կես ժամ տևողությամբ, առանց ընդմիջման երկու ակտանի ներկայացումների մեջ զբաղված էին Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի առաջատար պարողներ և անսամբլին կից ստուդիայի սաները։ Հաջորդ ներկայացումը նախատեսված է հունիսի 30-ին։

Պատկերասրահ՝ «Մարո» բալետային ներկայացման առաջնախաղը