Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-06-2019
Ժամանակակից նորաձևության ու տարազների համադրություն` մեկ ցուցահանդեսում
«Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանում հունիսի 26-29-ը կազմակերպվել է «Ժառանգություն» խորագրով ցուցահանդես: Այն կազմակերպվել է «Fashion Forum Yerevan-2019» ֆորումի շրջանակում:
Ներկայացված են ժամանակակից հայ դիզայներների աշխատանքները, որոնց ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայկական հարուստ մշակութային ժառանգությունը:  ժամանակակից զարդարվեստի և հագուստի նմուշները համալրվել են «Որդան կարմիր» թանգարանի գորգերով, ինչպես նաև ասեղնագործ իրերի և ազգային տարազի եզակի նմուշներով:
 
Ֆորոմի շրջանակում Հայաստան են ժամանել բլոգերներ, դիզայներներ, աշխարհի տարբեր երկրների նորաձևության աշխարհի ներկայացուցիչներ` միջազգային փորձը փոխանակելու համար։

Ֆորումի կազմակերպիչ, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանի խոսքով` ցուցադրությունն ամբողջովին նվիրված է հայկական հարուստ ժառանգությանը։

«Ցուցահանդեսը մինչև ֆորումի ավարտը բաց կլինի։ Մենք հրավիրել ենք նորաձևության աշխարհի 13 ներկայացուցիչների, փորձագետների։ Նրանք երկու օր դասախոսություններ են կարդալու, տեղական դիզայներների հետ փորձ են փոխանակելու»,-ասաց նա:

Թուրինի համալսարանի պրոֆեսոր Էլինո Դիանան տպավորված է հայ դիզայներներով ու վստահ, որ նրանք կարող են ազդարարել աշխարհին իրենց մասին։

«Հատկապես հավանեցի, որ հայ դիզայներները հմտորեն համադրում են ժամանակակից միտումներն ու անցյալի մոտիվները։ մշակույթն ու պատմությունն իսկապես կարող են գոյություն ունենալ ինչպես նորաձևության մեջ, այնպես էլ` ամենօրյա հագուստում»,-ասաց նա:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ներկայացել էր տեղական արտադրության աքսեսուարներով ու հագուստով:

Պատկերասրահ՝ «Fashion Forum Yerevan-2019»․ ցուցահանդես