Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-07-2019
Նախագահի նստավայրում հանձնվեցին «Ոսկե ծիրան»-ի գործընկերների հատուկ մրցանակները
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի վեցերորդ օրը մեկնարկեց ավանդական մամուլի ասուլիսներով: Իրենց ֆիլմերը լրագրողներին ներկայացրին Շավի Սալան («Գիեդանիի պորտը») և Վասիլիսա Պերելիգինան («Լողլողը»):

Ալ․Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում  «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսի շրջանակում անցկացվեց կինոծրագիր: Տեղի ունեցավ նաև փառատոնային «Talent Lab» կրթական ծրագրի փակումը: 

Օրվա ավարտին փառատոնի հյուրերը հյուրընկալվեցին ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ կայացավ հատուկ մրցանակների հանձնում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկերների կողմից: 

Հայաստանի ազգային կինոակադեմիայի ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանացավ Արուսյակ Սիմոնյանը՝ «Իմ նոր տարին» ֆիլմի համար: 

Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի (լավագույն դերասան) արժանացավ Ֆրունզիկ Ամիրխանյանը՝ «Ես տուն կվերադառնամ» ֆիլմի համար: 

Հայաստանի կինոգետների և կինոքննադատների ասոցիացիան լավագույն ֆիլմ ճանաչեց Բեհրուզ Շոայբիի «Փայտփորը» ֆիլմը: 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը լավագույն ֆիլմ ճանաչեց Արման Հարությունյանի «Դեկտեմբերը»: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը լավագույն սցենարի համար մրցանակ հանձնեց Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոն» ֆիլմին: IFCA-ի կողմից մրցանակներ հանձնվեցին Գիորգի Տավարթկիլաձեին «Վատ մարդիկ» և Արթուր Սուքիասյանին «Վերք» ֆիլմերի համար: