Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 13-07-2019
Երիտասարդ ուխտավորները վերադարձան Արցախից վառ տպավորություններով և կրկին վերադառնալու սպասումով
Աշխարհի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման նախաձեռնությամբ չորս օրերի ընթացքում Հայաստանում և Արցախում սփյուռքահայ երիտասարդները մասնակցեցին «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը:
Ուխտագնացությանը մասնակցում էին երիտասարդներ Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից: Շուրջ 270 մասնակիցներ հուլիսի 4-ին Սուրբ Էջմիածնում ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, այնուհետև այցելեցին Նորավանք, ճանապարհվեցին դեպի Արցախ։ 
 
«Արցախում առաջին անգամ եմ, չնայած՝ ամեն տարի այցելում ենք Հայաստան՝ հանգստանալու, բայց դա այլ հանգիստ է: Առաջին անգամ եմ տեսնում այս ողջ գեղեցկությունը՝ թե՛ բնության, թե՛ մեր պատմության, թե՛ մեր հին տաճարների: Շատ տպավորված եմ, քանի որ կարողանում եմ այսքան մոտիկից տեսնել, շոշափել մեր պատմությունը»,- Eritasard.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքից ժամանած Նաիրա Կարապետյանը:
 
Ստեփանակերտում երիտասարդները հանդիպեցին Արցախի հոգևոր և պետական առաջնորդներին: Հանդիպումից հետո, մասնակիցները այցելեցին հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին և խոնարհվեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարիտկների շիրիմներին, ծաղիկներ խոնարհեցին եղբայրական գերեզմանին։ 


 
«Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր այցից հետո, մասնակիցները ուղևորվեցին պատմական Տիգրանակերտ։ Համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները այցելեցին նաև Արցախի Հանրապետության կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու զինվորների առօրյային, ծառայության ընթացքին: Զորամասում զինվորները ներկայացրին ցուցադրական ելույթներ: Տեղի ունեցավ նաև  պարգևատրման արարողություն:
 
Պաշտպանության բանակի ավագ գնդերեցն ասաց. «Այսօր հայ առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության անդամները ամբողջ աշխարհից Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եկել են սրբազան Արցախում գտնվող պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Նրանք այցելել են, որպեսզի փոխանցեն իրենց շնորհակալությունները և իրենց աղոթքները զինվորներին և փոխարենը՝ ուժ առնելու և վստահ լինելու, որ այստեղ ամուր կանգնած է հայ զինվորը, որը ոչ մի թիզ հող չի զիճելու»: 
 
Այս տարի հավաքի գործնական մասը անցավ նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները քննարկեցին իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով հինգ խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային և սոցիալական:

Մասնակից Նաիրա Կարապետյանը գործնական քննարկումների համար ընտրել էր բիզնես խումբը: Ֆորումի ամփոփումից հետո փորձեցինք ճշտել՝ արդարացան արդյոք վերջինիս ակնկալիքները. «Մեր ֆորումում կային տարբեր երկրներից մասնակիցներ, և դրա շնորհիվ մենք կարողացանք փորձի փոխանակում ունենալ տարբեր երկրների հայերի հետ: Ցավով կարող եմ նշել, որ մեր մտածելակերպը  մի քիչ տարբերվում է, այդ թվում նաև բիզնեսին վերաբերվող հարցերում, բայց շատ հաճելի և արդյունավետ քննարկումներ ունեցանք, շատ հետաքրքիր մտքեր ի հայտ եկան, նույնիսկ կատակում էինք, որ շուտով բոլորս ընդհանուր բիզնեսն ենք սկսելու».- պատմեց Նաիրան:



Շուշիում կազմակերպվեց համերգային ծրագիր և գալլա խնջույք, որի ընթացքում հնչեցին ազգային-ազատագրական և ժողովրդական երգեր, ինչպես նաև ներկայացվեցին պարային ելույթներ: Ուխտավորները Արցախում անցկացրած չորս օրերի ընթացքում եղան նաև Ամարասում, Գանձասարում և Դադիվանքում:

Օդեսսա քաղաքի հայ երիտասարդաց միության նախագահ Ազգանուշ Վարդանյանը ուխտագնացությանը մասնակցել է նաև նախորդ տարի: Էջմիածնից մինչև Գանձասար այս երկար ճանապարհի և հագեցած օրերի ընթացքում, Ազգանուշին առաջինը տպավորել էր ՝ Վեհափառի օրհնությունը:

«Ե՛վ նախորդ տարի, և՛ այս տարի անհամբերությամբ սպասում էի Վեհափառի օրհնությանը: Դա կարևորագույն փաստն էր: Բացի այդ ինձ շատ տպավորեցին նաև այն հոգևոր զրույցները, որոնք վարում էին մենք սարկավագները, տերհայրերը: Այդ զրույցների ընթացքում դու ստանում ես քո հարցերի պատասխանը և քո աշխարհայացքը փոխվում է: Երրորդ տեղում անզուգական բնությունն է, որին դու անչափ կարոտում ես հայրենիքիցդ դուրս՝ օդը, ջուրը, մարդկանց ժպիտնեը, հայերենը, որը երբ լսում ես, ականջդ շոյվում է ու քեզ լիարժեք հայ ես զգում: Աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին այս 4 օրերի ընթացքում հանդիպելուց հետո ես համոզված եմ՝ որքան էլ տարօրինակ չհնչի, աշխարհի յուրքանչյուր անկյունում ես ունեմ ընկեր, ով կարող է ինձ հյուր ընդունել, ջերմ դիմավորել և մենք կարող ենք լինել հարազատ բարեկամներ»: 

Մասնակից Ազգանուշ Վարդանյանը կարծում է նաև, որ այս հավաքը փորձի փոխանակման համար հոյակապ հարթակ էր. «Գործնական հատվածում ևս շատ արդյունավետ աշխատանք կատարեցինք: Ինձ համար բացահայտեցի նոր մեթոդներ, հասկացա թե ինչպես կարող է օգտակար լինել գիտելիքը բիզնես սկսելու սթարթափ ունենալու համար, շատ օգտակար դասեր էին»:

Ուխտավորները Արցախյան ուխտագնացության վերջին օրը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին: