Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-07-2019
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները
«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ «Ռեյ և Լիզ» ֆիլմը:

Հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձան «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրների անունները:

«Երիտասարդները շատ գեղեցիկ փառատոն կազմակերպեցին և կանեն ավելի լավը մյուս տարի: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ երիտասարդներին, հիմնադիրներին, հովանավորներին, արվեստագետներին, կինոսերներին, ովքեր եկան և նայեցին ֆիլմերը»,- նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ, «Եղիցի լույս» մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Մինդաձեն ասաց, որ փառատոնը լավն էր, ֆիլմերի ընտրությունը՝ ճիշտ և նուրբ. կային բոլորովին տարբեր, լավ ֆիլմեր՝ տարբեր ուղղվածություններով: 

«Ժյուրիի անդամներն աշխատել են բավականին ընկերային մթնոլորտում, բայց սկզբունքորեն, քանի որ մենք բոլորս շատ տարբեր ենք: Որոշում կայացնելիս ոչ միշտ ենք համամիտ եղել բայց, ի վերջո, կայացվել է համատեղ որոշում»,- կարևորեց Մինդաձեն:

Փակման արարողությանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս նշեց, որ թեև այս տարի չի հասցրել որևէ կինոնկար դիտել փառատոնի շրջանակներում, սակայն հանդիպել է ժյուրիի անդամներին և վստահ է, որ ճիշտ որոշումներ են կայացրել հաղթող ֆիլմերն ընտրելիս, քանի որ ժյուրիի անդամները նուրբ ճաշակ ունեցող մարդիկ են:

ՀՀ վարչապետի (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը հանձնվեց Տաթև Հակոբյանի «Թակարդը» կինոնկարին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում  «Ոսկե ծիրան» մրցանակը տրվեց Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» կինոնկարին, «Արծաթե ծիրան»-ը ստացավ  Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ժապավենը: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ  Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» կինոնկարը:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացավ Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ը տրվեց  Ռատի Ցիտելաձեի  «Հասարակության գերին» ժապավենին: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ  մրցանակին արժանացավ Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»: 

Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում  կինոքննադատների մրցանակը հանձնվեց Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոնը» ժապավենին

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհանիսյանը, ամփոփելով փառատոնը, ասում է, որ այս յոթ օրերի ընթացքում եղել են բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, սակայն հնարավորինս հարթվել են: Մեծ են եղել մտավախությունները հատկապես «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում ցուցադրությունների հետ կապված, սակայն հանդիսատեսի հետաքրքրությունը ցույց տվեց, որ կա ցանկություն բացօթյա կինոնկարներ դիտելու. «Այս տարի փոփոխությունները բավականին շատ են նաև մրցութային ծրագրերի առումով: Կար մտավախությունը, որ դոկումենտալ և խաղարկային ֆիլմերը բոլոր մրցութային ծրագրերում միասին ներկայացնելը գուցե այդքան հարմար չէ: Բայց հասկացանք, որ և՛ ժյուրիի, և՛ հանդիսատեսի կողմից այդ որոշումը լավ է ընդունվել»:  

Պատկերասրահ՝ 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակումը