Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նազելի Գրիգորյանի
Տեղադրվել է 16-07-2019
Կոմիտասյան և Թումանյանական շունչ Գառնի հեթանոսական տաճարում
Կոմիտաս վարդապետի և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակների առիթով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հուլիսի 14-ին կազմակերպվել էր դասական երաժշտության գեղեցիկ երեկո։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված մեծամասշտաբ համերգային տոնին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): 

Համերգը բաղկացած էր երկու մասից: Առաջին հատվածը նվիրված էր Կոմիտասին, որի ընթացքում երաժշտախմբերը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Հոբելյանական համերգի մեկնարկն ազդարարվեց Կոմիտասի ձայնով, այնուհետև հնչեցին կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանը անհայտ ստեղծագործություններ: 

Երկրորդ մասը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծին, որը ղեկավարեց դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունն.երի հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից, այլ ստեղծագործություններ և եզրափակվեց «Ախ ինչ լավ են…» ստեղծագործությամբ, որի ոչ միայն խոսքերի, այլ նաև երաժշտության հեղինակը Հովհաննես Թումանյանն է։

Համերգային երեկոյի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն ունկնդեց հիանալի երաժշտություն, այլև տեղակայված էկրանների միջոցով հետևեց համերգին և  առաջին անգամ դիտեց Կոմիտասին ու Թումանյանին առնչվող ինքնատիպ տեսնյութեր, իսկ Գառնին առավել ինքնատիպ էր ու շքեղ լուսային էֆեկտների շնորհիվ։ Համերգային երեկոյին ներկա էին մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և այլ հայտնի հյուրեր։

Երկու ժամ տևողությամբ մեծամասշտաբ երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես եկան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Արտակ Ասատրյանը (դուդուկ), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ակսել Դավեյանը (բարիտոն), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Նարինե Ոսկանյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն):