Նյութը՝ «Հարմոնիա» ՀՀԶԿ-ից
Լուսանկարները՝ «Հարմոնիա» ՀՀԶԿ-ից
Տեղադրվել է 09-08-2019
Հռետորության հմտությունների զարգացման դասընթաց Լոռու մարզի երիտասարդների համար
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Հռետորական հմտությունների զարգացմանն ուղղված եռօրյա դասընթաց։

Դասընթացը կազմակեպել էր «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դասընթացի նպատակն էր նպաստել երիտասարդների հաղորդակցման և հանրային խոսքի հմտությունների զարգացմանը: Երեք օր տեւած ինտենսիվ դասընթացի ընթացքում երիտասարդները ծանոթացան հռետորական արվեստի նրբություններին՝ խոսքի զարգացման հնարքներից մինչեւ հուզմունքի ու վախի հաղթահարման մեթոդներ: Դասընթացն իրականացվում էր շատ ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի ժամանակ մասնակիցները պրակտիկ վարժությունների միջոցով ամրապնդում էին ստացած գիտելիքները: Մասնակցիցները մեծ ոգևորությամբ էին լսում բոլոր խոսնակներին, ներկայացնում էին իրենց տեսակետները և կարծիքները։

Դասընթացավարները ոչ մի ջանք ու եռանդ չէին խնայում մասնակիցներին հնարավորինս շատ և օգտակար գիտելիքներ փոխանցելու համար։ Դասընթացը անցավ չափազանց դրական մթնոլորտում։ Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները հանդես եկան ելույթներով եւ տեղում ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որոնք ստացել էին դասընթացի շրջանակում: Վերջում էլ, խմբային քննարկման միջոցով, ամփոփվեցին մասնակիցների ելույթները։ Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, կարծիքներով, դիտարկումներով: Իսկ ամենավերջում մասնակիցները մեծ ոգևորությամբ կիսվեցին դասընթացից ունեցած իրենց ձեռքբերումներով և ցանկություն հայտնեցին նմանատիպ ծրագրեր ավելի հաճախ կազմակերպել:

Մասնակիցներից  Աննայի կարծիքով՝ դասընթացը չափազանց անհրաժեշտ էր և օգտակար. «Իհարկե, բոլորիս կյանքում էլ կլինեն օրեր, երբ կձախողվենք, կլինեն օրեր, երբ կհիասթափվենք, ի՞նչ պետք է անենք այդ դեպքում։ Այդ պարագայում տեղին կլինի մեջբերել Մարտին Լյութեր Քինգի խոսքերը՝ «Եթե չես կարողանում թռչել, վազի՛ր, եթե չես կարողանում վազել, քայլի՛ր, եթե չես կարողանում քայլել, սողա, բայց ցանկացած պարագայում պետք է պահպանել կյանքի ռիթմը»։ Այսպիսով, այս եռօրյա սեմինարը, և այս ելույթը ապացույցն էր այն բանի, որ մենք միասին թե՛ քայլեցինք, թե՛ վազեցինք, և մեր ստացած գիտելիքներն ու փորձը օգտագործելով կարող ենք թռչել, ինչի հետևանքով կդառնանք երջանիկ հաջողակներ»»։

«Հարմոնիա» ՀՀԶԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Աշխեն Մկոյանն էլ ծրագիրն ամփոփեց հետեւյալ խոսքերով. «Շնորհավորում եմ բոլորիս կայացած ծրագրի համար: Դասընթացը շատ արդյունավետ անցավ, ինչի մասին են խոսում մասնակիցների արձագանքները, ստեղծված մթնոլորտը և ծրագրի վերջում մասնակիցների ելույթները:  Երիտասարդների զարգանալու անհագ ձգտումը և ոգևորությունը տեսնելով՝ կրկին անգամ համոզվեցինք, որ նման ծրագրերը պետք է հաճախակի բնույթ կրեն»: