Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-08-2019
«Գայլերը» հաղթեցին փյունիկցիներին
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 8-ին աննախադեպ հուզմունք էր տիրում։ «Փյունիկ» ակումբը, որը 14 անգամ Հայաստանի չեմպիոն է եղել, ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2019-2020թթ․ որակավորման 3-րդ փուլի շրջանակներում հյուրընկալել էր անգլիական ֆուտբոլի լեգենդներից մեկին՝ «Վուլվերհեմփթոն»-ին։

Հայաստանի հավաքականի համար բավականին լավ արդյունք է՝ մասնակցել եվրոպական ֆուտբոլի մրցաշարի այս փուլում։ «Փյունիկ»-ը մեկնարկեց որակավորման 1-ին փուլում, որտեղ մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայի «Շկուպի» թիմն էր։ Հայաստանի հավաքականը սեփական դաշտում վերջիններիս հետ խաղաց ոչ-ոքի՝ 3։3, սակայն, 2։1 հաշվով հաղթելով «Սկոպյե»-ին, կարողացավ դուրս գալ որակավորման 2-րդ փուլ։ Երկրորդ փուլում փյունիկցիները չեխական «Յաբլոնեց» թիմի նկատմամբ Երևանում  2։1 հաշվով հաղթանակ տարան, իսկ հաջորդիվ խաղացին ոչ-ոքի՝ 0։0։

Այդպիսով «Փյունիկ»-ը հնարավորություն ունեցավ մասնակցել 3-րդ տուրին, որտեղ ամեն ինչ ավելի բարդ էր։ 

Պատմական ակնարկ ՝«Վուլվերհեմփթոն»-ի մասին

«Վուլվերհեմփթոն»-ն Անգլիայի հնագույն թիմերից է, որը հիմնադրվել է  1877թ․-ին՝ 142 տարի առաջ։ «Գայլերը», ինչպես ընդունված է նրանց անվանել, երեք անգամ եղել են Անգլիայի լիգայի չեմպիոն (1953-54թթ․, 1957-58թթ․ և 1958-59թթ․): Թիմը 4 անգամ նվաճել է նաև Ֆուտբոլի Լիգայի գավաթը (1892-93թթ․, 1907-08թթ․, 1948–49, 1959–60թթ․): 

Նրանք իրենց ներքին հանդիպումներն անցկացնում են հայրենի Վոլվերհեմփթոն քաղաքում գտնվող «Մոլինյու» մարզադաշտում (32.050 հանդիսականի համար): Այս բնակավայրը հիմնադրվել է 985թ․-ին, իսկ 2000թ. դեկտեմբերի 18-ին Միացյալ Թագավորության կառավարությունը հայտարարեց, որ Վոլվերհեմփթոնին կտրվի քաղաքի կարգավիճակ:

Այս թիմը տեսել է հաջողություններ, անկումներ և պրեմիեր լիգայի առաջխաղացումներ՝ իր գրեթե  կեսդարյա պատմության ընթացքում: «Գայլերը» հեռացան Պրեմիեր լիգայից 2011/2012 մրցաշրջանում և վերադարձան 2018թ․-ին՝ 6 տարվա բացակայությունից հետո: Հենց այդ մրցաշրջանում նրանք ավարտեցին 7-րդ տեղով, և այդ արդյունքը նրանց իրավունք տվեց մասնակցելու Եվրոպա լիգային: 

Այս տարի նրանք իրենց արշավը կսկսեն Պրեմիեր լիգայում՝ օգոստոսի 11-ին: Առաջին տուրում նրանք կխաղան «Լեսթեր»-ի դեմ:

Թիմը լուրջ փորձ ունի եվրոպական ակումբային առաջնություններին մասնակցելու հարցում: Նրանց առաջին անգամ հայտնվեցին 1958-59թթ․-ին՝ Եվրոպայի գավաթի խաղարկման ժամանակ (այժմ ՝Չեմպիոնների լիգա): Սակայն նրանց լավագույն արդյունքը 1971-1972թթ․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունն էր (նախկինում՝ Եվրոպա լիգա), երբ հասան եզրափակիչ, սակայն պարտվեցին անգլիական մեկ այլ թիմի ՝ «Տոտենհեմ»-ին:

Վերջին անգամ «Գայլերը» ՈւԵՖԱ-ի գավաթին մասնակցել են 1980-1981թթ․։ Առաջին տուրում նրանք պարտություն կրեցին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»-ից։ Այսպիսով՝ օգոստոսի 8-ի հանդիպումն առաջինն էր 38 տարվա ընդմիջումից հետո։ 

Ի դեպ, ակումբի պատվավոր փոխնախագահներից մեկը Ռոբերտ Պլանտն է, որը բրիտանական լեգենդար ռոք խմբերից մեկի՝ «Led Zeppelin»-ի մեներգիչն է։ Այդ մասին ակումբի ղեկավարությունը հայտարարել է 2009թ. օգոստոսի 14-ին։ 

Օգոստոսի 8-ի խաղը

Օգոստոսի 8-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին, իտալացի  մրցավար Մայքլ Ֆաբբրիի սուլիչով սկսվեց հանդիպումը։ 13 050 երկրպագու սկսեց աջակցել իրենց թիմերին: Իհարկե, խաղի պրոֆեսիոնալիզմի տարբերությունն ակնհայտ էր ամբողջ խաղի ընթացքում: 

Առաջին խաղակեսում Մեծ Բրիտանիայի հյուրերը խփեցին երկու գոլ։ 29-րդ րոպեին հաշիվը բացեց Դոհերտին, իսկ 42-րդ րոպեին՝ Խիմենեսը կրկնապատկեց այն: Ի դեպ, երկու խաղացողներն էլ ներկայացնում են իրենց երկրների ազգային հավաքականները․ Դոհերտին խաղում  է Իռլանդիայի Հանրապետության համար, իսկ Ռաուլ Խիմենեսը՝ Մեքսիկայի։ 

Ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին, Խիմենեսը խփեց իր երկրորդ գոլն այս խաղում: 91-րդ րոպեին Հայաստանի հավաքականի խաղացողը գցեց մրցակին․ մրցավար Ֆաբբրին կանգնեցրեց խաղը։ «Գայլեր»-ի համար հաղթանակ տանելու իրական հնարավորություն ստեղծվեց։ Ռուբեն Նևեշը կարողացավ հստակ իրացնել 11-մետրանոցը, ինչի հետևանքով ակնհայտ դարձավ խաղի վերջնական հաշիվը՝ 0։4։

Նշենք, որ «Փյունիկ»-ը երկրորդ տուրի շրջանակներում կհյուրընալվի մրցակից թիմի՝ «Մոլինյու» մարզադաշտում՝ օգոստոսի 15-ին։ Խաղը կկայանա բրիտանական ժամանակով 20։45-ին, իսկ տեղական ժամանակով՝ 22։45-ին։ 

Մենք իսկական ֆուտբոլային երեկույթ ենք մաղթում Վոլվերհեմփթոն քաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին։