Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-08-2019
Շնորհավորանքներ՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ
1995թ․ դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը։

Իսկ 1998թ․-ի օգոստոսի 8-12-ին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

Իր աջակցությունը Լիսաբոնյան հռչակագրի առաջարկին և հիմք ընդունելով իր նախորդ որոշումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999թ․-ի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացնում օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր (International Youth Day)։ Օրն առաջին անգամ նշվել է 2000թ․ օգոստոսի 12-ին։ 

Նման տոնը, սակայն  ինքնանպատակ չէր, այլ միտում ուներ բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ, ինչը աշխարհին կսևեռեր դեպի երիտասարդության խնդիրներ։ Հայաստանը ևս ակտիվ տոնում է Երիտասարդների միջազգային օրը՝ սկսած 2000թ․-ից։  Մայրաքաղաքում ու մարզերում անցկացվում են երիտասարդական փառատոներ, ֆորումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, էքսպո-ցուցահանդեսներ, աշխատանքի տոնավաճառներ, մշակութային-ժամանցային միջոցառումներ և այլն։ 

Ամեն տարի տոնը կրում է մի խորագիր։ 2019թ․-ի խորագիրն էր «Փոխակերպելով կրթությունը»։ Օրվա առթիվ մի շարք պաշտոնյաներ հանդես են եկել ելութներով և շնորհավորանքներով․

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան

«․․․Երիտասարդ տարիքում է մարդը նախանշում իր ապագայի տեսլականը, ստեղծում ամուր հիմքեր՝ այն կերտելու համար։ Մենք ունենք հրաշալի սերունդ՝ խելացի, բանիմաց և շնորհալի։ Սիրելի երիտասարդներ, Ձեր մեջ ենք տեսնում մեր երկրի ծաղկուն ապագան, հզոր հայրենիք կառուցելու մեր նվիրական իղձերի իրականացումը։ Այս տարի օրն առավել խորհրդանշական է: Վանաձորին է հանձնվում 2019 թ. Երիտասարդական մայրաքաղաքի բանալին: Վստահ եմ՝ այն դառնալու է հնարավորությունների փակ դռները բացող բանալի, սակայն պետք է գիտակցել, որ բոլոր կապանքներն առաջին հերթին մեր մտքերում են, և եթե հավատանք մեր կարողություններին, հաջողությունն անխուսափելի է: Վանաձորն ուժեղ է իր ուժեղ երիտասարդներով, նրանց բանիմացությամբ, մարզկենտրոնի խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մղումով և մասնակցային բարձր որակներով:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ։ Ես հավատում եմ մեր երկրի այս օրվան, քանի որ այն ստեղծեցին երիտասարդները՝ հզոր կամքով և միասնականությամբ, ուրեմն նրանց հավատալն ամենաքիչն է, որ կարող ենք անել։ Մաղթում եմ երազանքների իրականացում,անհոգ ու երջանիկ կյանք։ Ի գործ…»։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

«․․․Երիտասարդությունն ինքնին նոր գաղափարների, էներգիայի, վճռականության և դրական մղումների ամբողջություն է։ Երիտասարդներն օժտված են ամենահզոր ուժով՝ երազելու և դրանք կյանքի կոչելու կարողությամբ։ Նրանք յուրաքանչյուր ազգի և պետության հիմնասյունն են։ Տեսնելով ձեր հաջողությունները տարբեր բնագավառներում՝ մենք ոգեշնչվում ենք և լցվում հույսով։ Սիրելի՛ երիտասարդներ, կրկին շնորհավորելով տոնի առթիվ, ցանկանում եմ, որ լինեք առողջ, պահպանեք հավատը ինքներդ ձեր և ապագայի հանդեպ»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

«․․․Այսօր Հայաստանն հաստատակամորեն ընթանում է աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Եվ ձեզ է գործուն դերակատարությունը վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում: ․․․Շորհավորում եմ բոլորիս Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ աշխատանքային ու ստեղծագործական եռանդ, կամք և նպատակասլացություն»։

Արմավիրի մարզպետ Հարություն Մաթևոսյան

«․․․Երիտասարդությունը հանդիսանում է հասարակության շարժիչ ուժը՝ դժվարին պահերին միշտ առաջադրելով նոր գաղափարներ և ընտրելով դրանք կյանքի կոչելու համարձակ ուղիներ։ Սիրելի երիտասարդներ, ձեր նպատակներից ու ձգտումներից, ձեր գիտելիքներից ու աշխատանքից է մեծապես կախված մեր երկրի, մեր հայրենիքի ապագան: … Շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ, հարուստ գիտելիքներ, չնվազող ոգևորություն և առաջ ընթանալու անկոտրում կամք։ Ամենայն բարիք բոլորիդ։»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան
«Մենք ցանկանում ենք ունենալ կրթված, իրազեկ ու ինքնավստահ քաղաքացի, որն արդեն պատանեկության փուլում հասկացել է, թե վաղն ինչով է ցանկանում զբաղվել ու գիտի, որ իր նպատակներին հասնելու ամենից գործուն երաշխիքն ինքնազարգացումն է։ Այս նպատակով փոխում ենք մեր հանրակրթական չափորոշիչները։ Գործընթացն արդեն սկսվել է, ու մի քանի տարի հետո կունենանք նոր դպրոցական ծրագրեր, որոնք համապատասխան կլինեն ապագայի մարտահրավերներին ու դպրոցը սիրելի կդարձնեն երեխայի համար»։