Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-08-2019
Երիտասարդների միջազգային օրը՝ Գյումրիում
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված երիտասարդների միջազգային օրվան։

Այս տարի ևս բացառություն չէր։ Օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ հանդես եկավ մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։ 

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը շնորհավորելով երիտասարդներին, նշեց, որ ամենակարևորը երիտասարդ ոգի ունենալն է՝ անկախ տարիքից։  

«Ուրախ եմ, որ այսքան պայծառ և լուսավոր երիտասարդներ ունենք Գյումրիում։ Ինձ համար կրկնակի հպարտություն է, որ բոլոր միջազգային հարթակներում Գյումրին միշտ առանձնահատուկ կերպով է հանդես գալիս։ Դա անշուշտ հսկայական աշխատանքի արդյունք է։ Երբ 2015թ․-ին առաջին անգամ Հայաստանում՝ Գյումրի քաղաքում նախաձեռնվեց երիտասարդների օրվան նվիրված արարողակարգը, շատերն անլուրջ էին տրամադրված, տարօրինակ էին համարում, սակայն այսօր Հայաստանի շատ քաղաքներում է նշվում օրը՝ դառնալով լավ ու բարի ավանդույթ։ Ես ուրախ եմ, որ այդ ավանդույթի նախաձեռնողը հենց Գյումրին է»,-նշեց Արթուր Նաջարյանը և հավելեց, որ միջոցառումները, որոնք անցկացվում են՝ ինքնանպատակ չեն, այլ կարևոր դեր են կատարում՝ երիտասարդների ժամանցն ապահովելու և միևնույն ժամանակ կրթելու համար։ 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ այս տոնը բոլորինն է, քանի որ երիտասարդությունը տարիքով պայմանավորված հոգեվիճակ է։ «Ուրախ եմ, որ մենք՝ Հայաստանում, և մասնավորապես Գյումրիում, ունենք կառույցներ, որոնք օգնել են մեր երիտասարդներին իրենց ուժեղ կողմերը բացահայտելու համար։ Շատ ողջունելի է նաև, որ խորագիրն ընտրված է հենց կրթական ոլորտին ուշադրություն դարձնելու նկատառումներով։ Ես բազմիցս համոզվել եմ, որ ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Պետք է սկսել հենց կրթական հեղափոխությունից, քանի որ բոլորս գիտենց, որ 2018թ․ տեղի ունեցած փոփոխության շարժիչ ուժը հենց երիտասարդներն էին։ Ամենամեծ ներուժն ու հավատը հենց երիտասարդության մեջ է»,-իր խոսքում նշեց մարզպետը։

Գյումրու համայնքապետարանի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը ևս շնորհավորեց երիտասարդներին։ Նրա խոսքով՝ երիտասարդ տարիները բոլորի կյանքում ստեղծագործելու, նախաձեռնելու, արարելու, փորձությունների, դժվարությունների միջով անցնելու, դրանք հաղթահարելու,  ինչու չէ նաև կյանքում վճռորոշ քայլեր կատարելու տարիներ են։ Հայկ Սուլթանյանը փաստեց, որ Գյումրու երիտասարդները մշտապես ակտիվ են, և, պատահական չէր, որ 2016թ․ հենց Գյումրին հռչակված Հայաստանի երիտասարդ մայրաքաղաք։ 

Երիտասարդներին շնորհավորեց նաև ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ «Երիտասարդությունն իսկապես շարժիչ ուժ է, ինչը հաստատել են Հայաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Ես ինքս կարևորում եմ երիտասարդական կազմակերպությունների դերը, որոնք հսկայական աշխատանք են տարել և շարունակում են տանել»,-նշեց պատամավորը։ 

Գյումրիում տոնական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողով, որի ընթացքում ելույթերով հանդես եկան ոլորտի փորձագետներ։ Հաջորդիվ ներկայացվեց Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը, իսկ «Էրազմուս+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի տաղավարներում երիտասարդները հնարավորություն ունեցան մանրամասն իրազեկվել ծրագրի մասին, ինչպես նաև ձեռք բերել ծրագրերի լոգոտիպերով տեղեկատվական նյութեր և նվերներ։ 

Միջոցառումներն ամփոփվեցին տոնական համերգով՝ հանրահայտ «Adana Project» ֆոլկ ռոք բենդի և «DJ Arni Rock»-ի և «Haik Solar»-ի մասնակցությամբ։

Պատկերասրահ՝ Երիտասարդության միջազգային օրը Գյումրիում