Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 13-08-2019
Վանաձորին՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, հանձնվեց խորհրդանշական բանալին
ՄԱԿ-ի կողմից հռչակված Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, Վանաձորը՝ որպես 2019թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, մարդաշատ էր ու տոնական։

Այս տարի Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում նշվեց նոր՝ «Փոխակերպելով կրթությունը» խորագրով։ Որպես երիտասարդական մայրաքաղաք՝ Վանաձորն ընդունել էր մի շարք պետական գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Վանաձորում անցկացված «Փոխակերպելով կրթությունը» հարթակային քննարկման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ընդգծեց, որ մեկ տարի առաջ նշանակվելով Կրթության ու գիտության նախարարի պաշտոնում՝ գիտակցել էր, որ հեղափոխությունը հարկ է ամրապնդել մարդկանց մտքերում:

«Մենք ցանկանում ենք ունենալ կրթված, իրազեկ ու ինքնավստահ քաղաքացի, որն արդեն պատանեկության փուլում հասկացել է, թե վաղն ինչով է ցանկանում զբաղվել ու գիտի, որ իր նպատակներին հասնելու ամենից գործուն երաշխիքն ինքնազարգացումն է։ Այս նպատակով փոխում ենք մեր հանրակրթական չափորոշիչները։ Գործընթացն արդեն սկսվել է, ու մի քանի տարի հետո կունենանք նոր դպրոցական ծրագրեր, որոնք համապատասխան կլինեն ապագայի մարտահրավերներին ու դպրոցը սիրելի կդարձնեն երեխայի համար»,- քննարկմանը մասնակից երիտասարդներին այսպես է դիմել Արայիկ Հարությունյանը։

Հարթակային քննարկմանը ներկա են եղել նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Կրթության փոխակերպման անհրաժեշտության, ապագայի մասնագիտությունների մասին իրենց պատկերացումները Վանաձորի երիտասարդներին ներկայացրել են նաեւ Ազգային ժողովի ու կառավարության ներկայացուցիչները, եղել է ակտիվ հարց ու պատասխան։

Երիտասարդության միջազգային օրվա խորհրդին համահունչ Վանաձորում տեղի են ունեցել մի շարք թեմատիկ այլ  միջոցառումներ, այդ թվում նաեւ «Սպորտային քվեստ», «Առաջին օգնության ցուցադրական դասեր», «ԷկոՎազք», «Հնարավորությունների տոնավաճառ եւ վարպետաց դասեր», քաղաքային տուր Վանաձորի տեսարժան եւ նշանակալից վայրերով, պարային ֆլեշմոբ: Հատկապես մեծ եռուզեռ էր առաջացրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումը։ Տեղացի երիտասարդներին ներկայացվել են մի քանի տասնյակից ավելի կազմակերպություններ եւ հնարավորություններ, որոնք թույլ կտան առավել ակտիվ եւ նպատակային կերպով վայելել երիտասարդությունը։

Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարությունները եզրափակվեցին երեկոյան բացօթյա համերգով: Լոռու մարզում ամիսներ առաձ հայտարարված «Awesome» մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց եւ 1000 դոլարին համարժեք դրամաշնորհ ստացավ «Գնացքի պատը» նախագիծը։ Համերգային բեմի վրա տեղի ունեցավ նաեւ խորհրդանշական միջոցառումը. Վանաձորի քաղաքային իշխանություններին հանձնվեց երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին:

Պատկերասրահ՝ Երիտասարդության միջազգային օրը Վանաձորում