Նյութը՝ Սոֆի Թովմասյանի
Լուսանկարները՝ «UniGrowth Development center» ՀԿ-ից
Տեղադրվել է 15-08-2019
«HumaNature» կամ վերադարձ դեպի քեզ
«Բնության հետ լավ հարաբերություններ ունենալը մարդկության լավ լինելու երաշխիքն է»,- ասում է Լաուրան։

Հենց այս միտքն էլ դեռ 2018թ-ի հուլիսին «UniGrowth Development center» ՀԿ համահիմնադիրներ Լաուրա Պողոսյանը և Թամարա Այդինյանը, քննարկեցին ու զարգացրին ավստրիական «Austrian Team» ՀԿ անդամ Ջուլիան Վոպելի հետ ու որոշեցին՝ գաղափարը պիտի կյանքի կոչվի՝ երիտասարդական փոխանակման ծրագրի տեսքով։

Արդեն այս տարի հուլիսի 4-13-ը Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «HumaNature Back to yourself» երիտասարդական փոխանակման ծրագիրը։ Ավստրիայից, Էստոնիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից 30 երիտասարդներ, որոնք հետաքրքրված են անձնային աճով և բնության միջոցով ինքնաբացահայտմամբ, դարձան ծրագրի մասնակիցներն ու դրա հիմքում եղած գաղափարի տարածողները։

Կազմակերպիչների խոսքով ծրագրի նպատակներն են՝ բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը էկոլոգիապես զգայուն թեմաների վերաբերյալ և ձևավորել գիտակցված վարքագիծ, նպաստել միջմշակութային երկխոսության զարգացմանը և սոցիալ-մշակութային կարծրատիպերի քննարկմանն ու բացառմանը, ստեղծել կապ մասնակիցների և կազմակերպիչների միջև՝ հետագայում համագործակցելու և թեմայի վերաբերյալ նոր նախագծեր ստեղծելու համար։

«Բնության մեջ երկար ժամանակ անցկացնելը ամրացնում է մարդ-բնություն կապը, և մեզ վերադարձնում մեր իսկ ներքին բնական միջավայրը, նպաստում անձնային աճին։ Ինքներս մեզ մարտահրավեր նետելով` փորձել ենք դուրս գալ մեր սահմանած ֆիզիկական, մտավոր և հոգեկան սահմաններից՝ ձգտելով ինքնազարգացման ու ինքնաբացահայտման»,- ասում է Լաուրան։

Առաջին երկու օրերին մասնակիցները ծանոթացել են, խոսել ունեցած հնարավոր վախերից ու ներքին մարտահրավերներից, քննարկել թեմաներ, ինչպիսիք են՝ բնության դերը մեր կյանքում և մեր ունեցած դրական ու բացասական ազդեցությունը՝ բնության վրա։ 

Ծրագրի կարևորագույն մասն են կազմել նաև 6 երկրների ազգային երեկոները, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են երկրների պատմությանը, համտեսել սնունդը, սովորել ազգային պարերն ու երգերը։ Սա նպաստել է միջմշակութային երկխոսության ամրապնդմանը։ Այնուհետև տարբեր դասընթացների միջոցով փորձել են հասկանալ բնության ունեցած ազդեցությունը՝ երկրներից յուրաքանչյուրի մշակույթի ձևավորման վրա։

Արդեն 3-րդ օրը նրանց սպասվում էր երկար ճանապարհ՝ դեպի Հատիսի գագաթ։

«Առավոտյան ժամը 5-ն էր։ Արթնացանք որպես մեկ ամբողջական օրգանիզմ, երբ դեռ ողջ քաղաքը քնած էր, ու սկսեցինք բարձրանալ լեռը»,- ասում է վրացի Նինոն։

Մյուսներն էլ հավելում են՝ փոխադարձ աջակցությունը չլիներ, բարձրանալը հավելյալ դժվարություններ կստեղծեր։ Իրար օգնել են, մեկը մյուսի ուսապարկն է տարել, ջրի հավելյալ շշով ապահովել։ 

4 ժամ և 2528 մ բարձրությունը հաղթահարված էր։

Ուշադրության կենտրոնում պահելով նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը, աղբի տեսակավորման և վերամշակման թեման՝ մասնակիցները նախաձեռնել ու իրականացրել են նաև «Սևան» ազգային պարկի մի հատվածի մաքրման աշխատանքները։ 

«Առաջին րոպեներին աղբն իսկապես անվերջ էր թվում, ինչը շատ տխրեցնող էր։ Զարմանալի է՝ ինչպես կարող են մարդիկ այդ աստիճան ցավեցնել բնությանը»,- պատմում է Լաուրա Պողոսյանը։

Մասնակիցներից Օլեգ Շուլգան էլ ասում է՝ ծրագրի մեծագույն դասը հետևյալն է՝ եթե քեզ շրջապատող աշխարհում ուզում ես ինչ-որ բան փոխել, քեզնի՛ց սկսիր։

«Երբ գնացել էինք «Սևան» ազգային պարկի տարածքը մաքրելու, ինձ մոտ զգացում էր, որ ոչ միայն հայկական հողին եմ օգնում, այլև ամբողջ բնությունն ու ինքս ինձ եմ մաքրում։ Կուզեի, որ ավելի շատ մարդիկ ներգրավված լինեին նմանատիպ ծրագրերում, որովհետև դրանք թույլ են տալիս հասկանալ՝ որքան կարևոր է բնության մասին հոգ տանելը․ չէ՞ որ մենք էլ դրա մի մասն ենք»,- ասում է նա։

Կազմակերպիչները լիահույս են, որ ծրագիրն իսկապես արդյունք կտա և , որ տուն վերադառնալով մասնակիցները կսկսեն օգտագործել ստացած գիտելիքները՝ բնությունը մարդկային վատ ազդեցությունից պաշտպանելու համար։