Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գոռ Աղաջանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-08-2019
«Ես Վանաձորի IT ոլորտի զարկերակն եմ». Գոռ Աղաջանյան
Eritasard.am-ի «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքում այս անգամ ներկայացնում ենք Գոռ Աղաջանյանին: Գոռը 29 տարեկան է, Վանաձորում ապրում է ծնված օրվանից: Մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն մասնագիտացել է այլ ոլորտներում ևս, ինչը նրան այսօր դարձրել է Վանաձորի զարկերակներից մեկը։

Իսկ թե Վանաձորի որ ոլորտի զարկերակն է ակտիվ պահում Գոռը, կպարզենք միասին: 

Սովորել եմ…
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետում:

Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայն…
մասնագիտությամբ երբևէ չեմ աշխատել: Դեռ ուսանողական տարիներից հետաքրքվել եմ համակարգային աշխատանքներով: Ավարտելուց հետո՝ մոտ 1.5 տարի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ում ներգրավվել եմ որպես կամավոր, իսկ որոշ ժամանակ անց սկսել եմ աշխատել որպես «ԻնֆոՏան» ծրագրերի համակարգող: 

ՏՏ ոլորտում եմ արդեն…
5 տարի: Երբ 24 տարեկան էի սկսեցի աշխատել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ: 

Որպես ծրագրավորող աշխատում եմ արդեն...
1 տարի՝  «Instigate Mobile CJSC» ընկերությունում: 

Լավ ծրագրավորող լինելու համար պահանջվում է…
աշխատասիրություն, տրամաբանություն, մաթեմատիկական գիտելիքներ, անգլերենի իմացություն: 

Եթե ունես նպատակ, ապա…
փորձում ես ցանկացած դժվարություն հաղթահարել: Ոչինչ այս կյանքում հեշտ չէ և ոչինչ հեշտ չէ սովորել, մասնագիտանալ, այդ թվում՝ ծրագրավորման պարագայում:



Վանաձորն ամենա…
լավ, բարի, անձրևոտ, խոնավ, բայց ամենալավ քաղաքն է: 

Վանաձորի երիտասարդներն ամենա…
բարի ու մուննաթովն են:

Կուզեմ, որպեսզի Վանաձորում բնակվող երիտասարդը…
երբևէ չմտածի Վանաձորից հեռանալու մասին: Ես Վանաձորը շատ եմ սիրում թե՛ լավ, թե՛ վատ կողմերով: Գուցե ինքս հանգամանքների բերում որոշ ժամանակով (1-2 տարի) բացակայեմ Վանաձորից, սակայն անպայման հետ կգամ:

Վանաձորի ծրագրավորողներն ամենա…
լավն են, կրեատիվն են, լավ կոդ գրողն են: 

Վանաձորի բարբառով ամենասիրելի արտահայտություններս են…
ազիզ, Դբա լավը:

Վանաձորի ամենասիրելի վայրերից են…
լճերի հատվածը, հրապարակը, մեր թաղամասը և նոր բացված այգին, որը երիտասարդների շրջանում հայտնի է որպես երիտասարդների այգի:

Ես Վանաձորի…
IT ոլորտի զարկերակն եմ: