Նյութը՝ Գոհար Աթաբեկյանի
Լուսանկարները՝ «Հանուն հայ զինվորի ՀԿ»-ից
Տեղադրվել է 31-08-2019
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն հիմնադրման 3-րդ տարեդարձը նշեց Արցախում
«Հանուն հայ զինվորի ՀԿ»-ն արդեն 3 տարեկան է։ Արդեն 3 տարի է ՀԿ-ի անդամներն իրենց հիմնադրման օրն ավանդաբար նշում են Արցախում։

«Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի շրջանակներում ՀԿ-ի անդամները կրկին Արցախի հանրապետությունում են, առաջնագծում՝ մեր քաջ և հզոր սահմանապահ տղաների կողքին։

ՀԿ-ն իր այս 3 տարվա ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց հիմքում անդամների չխնայած ջանքերն են,  յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով։

Ծննդյան տոնի առթիվ ՀԿ-ի կողմից պարգևատրվեցին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի շուրջ 20 զինվոր, ինչպես նաև նույն զորամասերի հրամանատարական կազմից՝ Արմեն Մարկոսյանը, Արման Հովհաննիսյանը, Զարզանդ Մխիթարյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը և Կարեն Շաքարյանը ստացան շնորհակալագիր՝ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։

Հասարակական կազմակերպության անդամներրը ևս անմասն չմնացին։ Կամավորներն արժանացան շնորհակալագրերի և պատվոգրերի։ ՀԿ-ի անդամների խոսքով, իրենց համար ամենամեծ և ամենարժեքավոր գնահատանքը այն է, որ զինվորների աչքերը նկատելիորեն փայլում են, ժպտում են։ Կարճ ժամանակահատվածով, բայց կտրվում են զինվորական առօրյայից։ 

Եվս մեկ անգամ շնորհավորենք «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ծննդյան 3-րդ տարեդարձը։ Մաղթենք նոր ձեռքբերումներ իրենց բնագավառում։

Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: