Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-09-2019
Նեմցովի «Խռովարարի խոստովանություն» գիրքը թարգմանվել է հայերեն
Սեպտեմբերի 2-ին հայ ընթերցասերներին ներկայացվեց Բորիս Նեմցովի «Խռովարարի խոստովանություն» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ։

«Ես սկսում եմ քաղաքական պայքար, քանի որ համաձայն չեմ այն քաղաքական կուրսի հետ, որը վարում է Ռուսաստանի նախագահը։ Համաձայն չեմ սուվերեն դեմոկրատիայի, նրա ցենզուրայի, դաժանության և ցինիզմի հետ: Համաձայն չեմ նաև լատինոամերիկյան կապիտալիզմի հետ, որտեղ  գլխավոր գործող անձինք ագահ մոնոպոլիստներ և նենգ պաշտոնյաներ են: Այս ամենը Ռուսաստանը դարձնում է փակ և դաժան: Իսկ մեզ պետք է ազատ և մարդասեր Ռուսաստան»,- գրել է Նեմցովը:



Գիրքը հրատարակվել է «ԳրաՏուն» հրատարկչության կողմից։ 

«Գիրքը գրվել է 2007 թվականին: Մեզ մոտ այն 12 տարի հետո  հետաքրքրություն է առաջացրել, քանի որ երբ նայում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում նախկինում և շարունակում են տեղի ունենալ, գրեթե չեն տարբերվում»,- ասաց  «Խռովարարի խոստովանություն» գրքի սրբագրիչ Հայկ Կոստանդյանը:



Կոստանդյանը նշում է, որ որոշում են կայացրել հրատարակել Բորիս Նեմցովի գիրքը, քանի որ կարծում են, որ նա անկախ Ռուսաստանի պատմության ամենավառ, խարիզմատիկ  քաղաքական դեմքերից է. «Իր մասին լսում ենք շատ հակասական կարծիքներ: Նրան կամ սիրում են, կամ ատում են: Մենք, որպես հրատարակչություն, փորձել ենք ներկայացնել նրա մտքերը և պատկերացումները»:

«Խռովարարի խոստովանություն» գիրք թարգմանել է Մարիամ Մարտիրոսյանը:



«Նեմցովը շատ համարձակ էր իր միջավայրի համար: Ռուսական քաղաքականության մեջ խիզախել խոսել արդարության, կոռուպցիայի մասին, պայքարել օլիգարխիայի դեմ. դա մարդկային որակների և արժեքների մասին է խոսում, ինչն էլ առաջնորդում էր նրան որպես քաղաքական գործիչ: Այս գիրքը հայերին շատ ծանոթ է թվում, քանի որ  նույն հետսովետական մնացուկները կան և դեռ մեծ պայքար է սպասվում: Գիրքը կարդալով և համեմատելով մեր իրականության հետ՝ հնարավոր է ինչ-որ չափով մեղմել կամ վերացնել այն հետսովետական վատ սովորույթները, որոնցից են կոռուպցիան, օլիգարխիան»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Մարիամ Մարտիրոսյանը:



Նեմցովի «Խռովարարի խոստովանություն» գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում: