Նյութը՝ Ռոզա Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-09-2019
Երևանում հանդես կգա հանրաճանաչ Պառով Ստելար բենդը
Լուսային և ձայնային բացառիկ շոու՝ Հայաստանում: Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա հայտնի Պառով Ստելար բենդի համերգը:

Հայաստանում նման մեծամասշտաբ նախագիծ անցկացվում է առաջին անգամ: Համերգային երեկոյին կներկայացվեն խմբի նոր և հին ստեղծագործություններ, սիրված կատարումներ: Իրադարձությունն անցկացվում է Silk Note Festival-ի շրջանակում: 

Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: 

Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին Kiss kiss մինի ալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ:

Պառով Ստելարն աշխատել է Թոնի Բենեթի և Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի, Մարվի Գեյի, Բրայան Ֆերիի, Klingande-ի և բազում այլ արտիստների հետ:  

Պառով Ստելարն ունի ավելի քան 1 միլիոն ֆեյսբուքյան երկրպագուներ, ավելի քան 500 միլիոն դիտումներ YouTube-ում: Պարով Ստելարի երաժշտությունը հնչում է տասնյակ գովազդներում (Audi, Colgate, Cosmopolitan, Fiat, Google, Microsoft, Motorola, Nespresso և այլն):

Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, դրանցից են, օրինակ, Նյու Յորքի PlayStation Theater-ում, Լոնդոնի Alexandra Palace-ում, Փարիզի Zenith-ում և եվրոպական այլ սրահներում կայացած համերգները: Նրանք հանդես են եկել այնպիսի փառատոնների շրջանակում, ինչպիսիք են Coachella-ն, Glastonbury-ն, Sziget-ը, Lollapalooza-ն, Pukkelpop-ը և այլն: 

Խմբի 2019/2020 շրջագայության ընթացքում լույս կտեսնեն նոր երգեր, կներկայացվի բեմի բոլորովին նոր դիզայն, լուսային և տեսաշոու, որը կլինի նախկինում եղածներից է՛լ ավելի լավը: 

Բացի այդ, առաջին անգամ խմբին կմիանա հիասքանչ վոկալիստ Ելենա Կարաֆիզին: Յոթ կատարողներ ու նոր երաժշտություն ունեցող խումբն առավել քան ոգևորված է հանդիպելու իր երկրպագուների հետ աշխարհի ամենահիշարժան վայրերից մի քանիսում: 

Նշենք, որ համերգի ձայնային և լուսային տեխնիկան սպասարկող ամբողջ անձնակազմը Հայաստան է ժամանելու եվրոպական երկրներից:

Համերգի կազմակերպիչներն են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: 

Ի դեպ, համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը: Համերգից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը: