Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արամ Մարանդյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 03-09-2019
«Ես Վանաձորի ժպիտները, ծիծաղն ու խինդը ապահովող զարկերակներից եմ»․ Արամ Մարանդյան
Eritasard.am-ի «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքի այս անգամվա հյուրը թերևս ամենակրտսերն է՝ 17-ամյա Արամ Մարանդյանը։ Չնայած տարիքին, նա արդեն հասցրել է որոշակի ճանապարհ անցնել, հաջողություններ գրանցել և սիրվել շատերի կողմից։

Արամը ծնվել է Ռուսաստանում, 5 տարի ապրել է այնտեղ, իսկ հետո` վերադարձել Հայաստան։ Վանաձորում ապրում է 2005թ․-ից։ Ապագա շոումեն է։ 

Իսկ թե ինչ գործունեություն է ծավալում, և թե Վանաձորի որ զարկերակն է Արամը, կբացահայտենք միասին։ 

Սովորում եմ․․․
Վանաձորի թիվ 11 դպրոցում, որը քաղաքի ամենալավ դպրոցն է։

Վանաձորի «ԻնֆոՏուն» սկսեցի հաճախել․․․
2017թ․-ից, երբ մասնակցեցի «ԻնֆոՏան» կազմակերպած բանավեճին։ Այդ օրվանից էլ ինձ համար սկսվեց «կանաչ» կյանքը, քանի որ «ԻնֆոՏունը» կանաչ աշխարհ է։ Ցավոք հիմա ժամանակի սղության պատճառով շատ չեմ կարողանում այցելել։

«KBH» սկսեցի խաղալ․․․
2018թ․-ի դեկտեմբերից, երբ 16 տարեկան էի։ Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ ինչ-որ բան կստացվի, սակայն խաղալով 1 խաղաշրջան՝ 4 խաղ, հասկացա, որ ցանկանում եմ շարունակել: «KBH» խաղալու ցանկություն վաղուց եմ ունեցել, բայց հնարավորություն չկար։ Շատ շուտով, սակայն թե՛ իմ, թե Վանաձորի շատ երիտասարդների համար ստեղծվեց «KBH» խաղալու հնարավորություն՝ «KBH»-ի  տնօրեն Աղաս Մանկուկյանի շնորհիվ։ 

Սկսել եմ երգել․․․
2018թ․-ից։ Առհասարակ 2018թ․ինձ համար հաջող տարի էր։ Սկսեցի ձայնս մշակել, քանի որ Ռուսաստանում մրցույթի էի մասնակցում և հաղթելու ցանկությունը մեծ էր։ «Voice» ստուդիայից, ուր հաճախում էի, սկսվեց երգի բնագավառում հաջողություններս։ 



Վանաձորի Ա՛Լա Լիգայում հայտնվեցի․․․
«KBH»-ի 1-ին խաղից հետո։ Աղաս Մանուկյանը հավանել էր խաղս, ուստի ինձ ևս ներառեց իր կողմից ձևավորվող թիմում, որը պետք է մասնակցեր «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հումորի Լիգային»։ 

Ինձ համար մարդկանց ծիծաղեցնելը․․․
կարծում եմ հեշտ է, քանի որ ունեմ կերպար։ Սակայն, հանդիսատեսի տեսակից էլ է կախված, թե արդյոք կկարողանա՞ս ծիծաղեցնել, թե՞ ոչ։ 

Հումորի միջոցով․․․
փորձում եմ ծիծաղեցնել և բավականություն պատճառել մարդկանց, քանի որ ես ինքս մեծ բավականություն եմ ստանում, երբ դիմացինս ծիծաղում է։ Դա կարևոր է։ 

Ես բնույթով․․․
փոփոխական եմ․ մեկ ուրախ, մեկ՝ տխուր։ Սակայն, իրականում շրջապատս կամ հանդիսատեսը դա չի զգա։ Ներսումս գուցե տխրություն լինի, սակայն արտաքնապես միշտ ուրախ եմ։ 

Որպես երիտասարդ Վանաձորում փորձում եմ․․․
ակտիվ պահել երիտասարդական կյանքը։ Առհասարակ երիտասարդների համար հարթակները գնալով շատանում են։ 



Վանաձորն աշխարհի ամենա․․․
կյանք, ուրախ, մարդամոտ քաղաքն է։

Վանաձորի երիտասարդներն ամենա․․․
հավեսն ու  կրեատիվն են։ 

Վանաձորի հումորն ամենա․․․
յուրահատուկն ու համովն է։ 

Վանաձորն ինձ համար․․․
հարազատ անկյուն է, առանց որի ես ինձ լիարժեք հայ չեմ զգում։ 

Ես Վանաձորի համար անելու եմ …
ամեն ինչ, որպեսզի նա լինի ամենաերիտասարդ քաղաքը։

Վանաձորի բարբառով սիրելի արտահայտություններս են․․․
Տո լավ է, ղայիմ բռնի, կացի, գնալ մի

Վանաձորում ամենասիրելի վայրերս են․․․
Հրապարակը, թիվ 11 դպրոցը, Աբելյանի անվան թատրոնը, Հին եկեղեցին, Տիգրան Մեծի պողոտան։

Ես Վանաձորի․․․
ժպիտները, ծիծաղն ու խինդը ապահովող զարկերակներից եմ։