Նյութը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբից
Լուսանկարները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբից
Տեղադրվել է 03-09-2019
Հայաստանի պետական կամերային երգչախումբը Մանսուրյանին նվիրված համերգով հանդես է եկել Արցախում
«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը:

Երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները: Ի դեպ, Մանսուրյանը ևս ներկա էր համերգին:

Միջոցառմանն Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը  կոմպոզիտորին է հանձնել  պատվոգիր  և  խորհրդանշական  նվեր:

«Ինձ համար մեծ հպարտություն է կրկին լինել Արցախում: Արցախում  մենք շատ  ենք  եղել՝ երգել  Գանձասարում, Ամարասում, ինչպես  նաև մասնակցել տարբեր  փառատոների: Առաջիկայում նախատեսում  ենք  մի  քանի ծրագրեր կյանքի կոչել  Արցախում: Պետք  է  խոստովանեմ, որ այստեղի  հանդիսատեսը  լուրջ է, գրագետ և  սրտաբուխ»,-լրագրողների հետ զրույցում ասել է

Հայաստանի  պետական  կամերային  երգչախմբի   գեղարվեստական  ղեկավար  և գլխավոր դիրիժոր  Ռոբերտ Մլքեյանը: 

Համերգն անցել է մեծ հաջողությամբ՝ ունկնդրի ջերմ արձագանքի ներքո: Ներկա են եղել պետական այրեր, պատգամավորներ, արվեստի գործիչներ և այլք:

Համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ: