Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-09-2019
Յոթ օր տևող հայկական ավանդական հարսանիքը. «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքի շնորհանդեսը
Հայ ժողովուրդը մեծ թվով հարսանեկան երգեր ունի, որոնք ժողովրդական հնագույն ավանդական ծեսերի միջոցով ներկայացնում են մեր պատմական կենցաղը, մշակութային ավանդույթներն ու սովորույթները:

Հարսանյաց հանդեսի ժամանակ կատարված երգերը Կոմիտասը առանձնակի հոգատարությամբ և խնամքով է հավաքագրել, մշակել և իր ոգեշունչ կատարումներով խթանել ազգային արժեքների տարածմանն ու ճանաչմանը:

«Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ լույս են տեսել արվեստի վերաբերյալ բազմաթիվ գրքեր, ալբոմներ, տեսասկավառակներ և ձայնասկավառակներ: Այս անգամ միության քայլերն ուղղված են հանճարեղ Կոմիտասի հարսանեկան երգերի շարքին:

Սեպտեմբերի 5-ին ՆԱՄ-ում տեղի ունեցավ «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և միության 15-րդ տարեդարձին:



Հարսանյաց ծեսերին ու երգերին գրքի տեսքով երրկրորդ կյանք տալու գաղափարը միության նախագահ Նարեկ Հարությունյանին է: «Գաղափարն առաջացել է, երբ հայկական հարսքանիքների էի գնում, որտեղ աղմուկ աղաղակից բացի հայկակն ոչ մի երգ չի հնչում: Իսկ հարսանիքի մասնակիցներն ասես հանդիսատեսի կարգավիճակում լինեն: Այդ պահին միշտ մտածում եմ, տեսնե՞ս Կոմիտասից գոնե մի գործ կհնչի: Ցավոք, շատ դեպքերում այդպես էլ սպասումներս չեն արդարանում:  Որպես կանոն, միշտ հարսանյաց սրահը լքում եմ նախքան արարողթյան ավարտը»,- պատմում է Նարեկ Հարությունյանն ու շարունակում,- «Գաղափարի շուրջ խոսեցի կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ, ողջունեց միտքն ու ասաց, որ կսկսի կոմիտասյան ծեսերի ուսումնասիրություններ անել և հավաքել դրանք: Բավական երկար ժամանակ ուսումնասիրեց հարսանյաց ծեսերն ու ավանդույթները տարբեր մարզերում և վերջապես մենք ունենք այս գիրքը, որն ասես ուղեցույց լինի, բոլոր նրանց համար ովքեր ուզում եմ կազմակերպել հայկական ավանդույթներով ու ծեսերով հարուստ հարսանիք, առանց արևելյան կլկլոցների: Մեր նպատակն այն է, որ մոտենանք մեր արմատներին ու արժեքներին»:

Գրքում ներառված են հարսանյաց հանդեսի մի տարբերակ՝ համահունչ այսօրվա պահանջներին, հարսանյաց ավանդական ծեսի նկարագրություն Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» գրքից, հատվածներ Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսի» առաջին հատորից և Կոմիտասի գրառած հարսանյաց երգերը:



Հայկական ավանդական հարսանիքը տևել է յոթ օր և յուրաքանչյուր օրն ունեցել է իր խորհուրդը: Այսօր հարսանյաց ծեսն ամբողջությամբ հնարավոր չէ իրականացնել, ուստի գրքում տեղ են գտել ծեսի կիրառելի որոշ հատվածներ և կազմվել է մի այնպիսի սցենար, որ հնարավոր լինի մեկ օրում կատարել ազգային հարսանյաց ծեսը: 

Գրքի կազմող, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը ասաց,- «Որպեսզի այս աղետի դեմն առնենք, գրքոււմ ներկայացված է հարսանյաց ծեսի մի տարբերակ, որ այսօր էլ հնարավոր է իրականացնել, որովհետև այն ինչ այսօր կատարվում է ընդհանրապես կապ չունի հարսանիքի ու հարսանյաց ծեսի հետ: Իսկ հնում, հանդիսատես չի եղել՝ բոլորը մասնակից են եղել: Շատ ուրախ է անցել՝ ոտքի վրա, պարում էին, կատակ էին անում, աղվես կոչված մեկը կար, խորհրդավոր ծեսեր կար: Հարսը համարվել է լուսին, փեսան՝ արև: Այն սրբազան ծես է համարվել. հարսը գնում էր նոր ընտանիք իր հետ տանելով այդ ավանդույթներն ու ծեսերը, բարքերը: Հարսը բարձրագույն հարգանքի ու պատվի է արժանացել: Յոթ օրերից բաղկացած հարսանեկան ծեսը նվիրվում էր յոթ մոլորակներին իսկ վերջին օրը հարսը և փեսան բարձրանում էին տանիք և շնորհակալություն հայտնում արևին, որին անվանակոչում էին Վահե»:



Գրքի երաժշտական խմբագիրը Լուսինե Ազարյանն է, իսկ գրքում զետեղված նկարների հեղինակը՝ Մարտին Ակողլյանը:

Կոմիտասյան երգերի երգիչ կատարողներն են՝ Լուսինե Ազարյանը, Էդգար Խաչատրյանը, Արսեն Համբարյանը, Անուշ Ստեփանյանը:

Գիրքը կազմողները լիահույս են, որ մի օր կվերականգնվեն այդ գեղեցիկ և մեծախորհուրդ ավանդույթները, և հարսի ու փեսայի աստվածային օրհնությունը կզարդարվի ազգային ելևէջներով: