Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 08-09-2019
«Ի՞նչ է պոպուլիզմը» . քաղաքագիտական բեսթսելլերը թարգմանվել է հայերեն
Ընթերցելով Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքը՝ ընթերցողները կարող են վերջին տարիներին աշխարհով մեկ տարածված մի երևույթի՝ պոպուլիզմի մասին լիարժեք պատկերացում ստանալ, հասկանալ՝ պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը:

Յան-Վերներ Մյուլլերը քաղաքագիտություն է դասավանդում ԱՄՆ Պրինստոնի համալսարանում: Ղեկավարում է «Քաղաքական մտքի պատմություն» ծրագիրը: Գրում է բրիտանական The Guardian, The London Reviw of Book պարբերականների և ամերիկյան The New York Review of Books-ի համար: «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր է: Այն հայերեն հրատարակել է «Newmag» հրատարակչատունը:

Գիրքը հայերեն թարգմանել է Հովհաննես Նիկողոսյանը: Նա նշում է, որ այս գրքի թարգմանությանը որոշակի առումով վերաբերվել է որպես հանրային ծառայության:

«Այս թարգմանությունը դժվարին, պարտավորեցնող, բայց հետաքրքիր աշխատանք էր: Թարգմանության մեջ փորձել եմ հաշվի առնել հայաստանյան լեզվամտածողությունը և ընկալումները: Գիրքը պարտադիր ընթերցանություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ մեր ժամանակներն ու ըմբռնել, թե ինչ է կատարվում զարգացած ու զարգացող երկրներում: Դա է նաև ճանապարհը հայաստանյան իրականությունը լիովին հասկանալու համար»,- նշեց  Հովհաննես Նիկողոսյանը:

Գիրքը հարստացվել է հարյուրավոր ծանոթագրություններով: Այդ իսկ պատճառով, բացի մասնագետ ընթերցողներից, գիրքը հասցեագրված է նաև բոլոր այն ընթերցողներին, ովքեր ցանկություն ունեն հասկանալու, թե ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները: Հեղինակը կոնտեքստուալ հղումներ է անում պատմական ու քաղաքական դեմքերին ու դեպքերին, որոնք հավելյալ բացատրությունների կարիք ունեն։ Քաղաքական և քաղաքագիտական տերմիններ, դարձվածներ և մտքեր կան, որոնք հարկ եղած դեպքում ծանոթագրված են։ Գրքի ծանոթագրությունները կազմել է լրագրող Դավիթ Սարգսյանը: 



Գրքի հայերեն թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանը կարևորում է, որ տեքստը կառուցված է այնպես, որ հեշտ լինի ընկալել:

««Newmag» հրատարակչությունը փորձել է արևմտյան քաղաքագիտական միտքը մոտեցնել ժամանակակից արևելահայերենին:  Մենք փորձել ենք քաղաքագիտական բարդ տերմինաբանությունը դարձնել հասկանալի, ժամանակակից հայոց լեզվի համար ընկալելի, հայ միջին ընթերցողի համար դյուրամարս ընթերցանության տեքստ՝ չհեռանալով գիտական բովանդակությունից, չխաթարելով հեղինակի գիտական տերմինաբանությունը»,- ասաց Գնել Նալբանդյանը:

Հայերեն քաղաքագիտական գրականություն չունենալու պատճառով՝ ոլորտի մասնագետները գրքերը ստիպած կարդում են ռուսերեն տարբերակով: Դա է պատճառը, որ քաղաքական երևույթների ընկալումը դառնում է ռուսացված: «Newmag» հրատարակչատան տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշում է՝ այս գրքի հայերեն թարգմանությունը կնպաստի, որ քաղաքագիտությամբ հետաքրքրվողները փոխեն իրենց աշխատանքային լեզուն և սկսեն ընթերցել հայերեն մասնագիտական գրականություն:

Գիրքն անցել է նաև վերիֆիկացման միջով։ Քաղաքագիտական բեսթսելլերում եղած տեղեկությունները մի քանի անգամ ճշգրտել է լրագրող Զոհրաբ Հարոյանը։

Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում: