Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 08-09-2019
«Ես գտա մի երկիր, որն աշխարհագրորեն հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ». Մարկո Ալբոնետտի
«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 7-ին կայացավ «Նոտաներ և տեսիլքներ» խորագրով հայ-իտալական համերգ:



Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկն ազդարարող համերգին ներկայացվեց իտալական ծրագիր և ինքնատիպ ինստալացիա:



«Նոտաներ և տեսիլքներ» խորագրով համերգի ընթացքում հայ և իտալացի ստեղծագործողները միասին  ներկայացրին իտալական մշակույթը: Իտալահայկական երեկոն իրականացվեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ: Համերգի ընթացքում հնչեցին Վերդիի, Ռոսինիի, Մասկանիի, Ռոտայի, Մորիկոնեի, Պիացոլայի ստեղծագործությունները: Նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Մարիո Լեոտան: 



Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետտին: Նա Հայաստանում արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ: 



«Ես գտա մի երկիր, որն աշխարհագրորեն հեռու է Իտալիայից, բայց որի ժողովուրդը մշակույթով շատ մոտ է մեզ: Նախորդ համերգից այնքան դրական էներգիա եմ ստացել, որով լիցքավորված եմ մինչ օրս»,- ասում է Մարկո Ալբոնետտին:



Ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին ցուցադրվեց «Remix Portraits» խորագիրը կրող թվային ինստալացիա, որի հեղինակն է իտալացի արվեստագետ Ֆրանց Չերամին: Հեղինակը պատմում է, որ իրեն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն է խնդրել ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք իր տեսանկյունից ցույց կտան երկու երկրների՝ Հայաստանի և Իտալիայի մշակույթները:



«Ես այցելել եմ Հայաստանի ազգային պատկերասրահ, որը հրաշալի էր, ու փորձել եմ վերանկարել հայկական և իտալական հնագույն կտավները, որոնք էլ ցուցադրվեցին համերգին»,- պատմեց Ֆրանց Չերամին: