Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ https://www.figc.it-ից
Տեղադրվել է 08-09-2019
Իտալիայի հավաքականին հաղթել չստացվեց, սակայն դեռ մեծ հույսեր կան
«ԵՎՐՈ-2020»-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը տանը՝ «Հանրապետական» ստադիոնում 1-3 հաշվով պարտվեց Իտալիայի ազգային ընտրանուն։

Այն, որ Իտալիայի ազգային հավաքականը չունի ֆուտբոլային գերաստղեր, ներկայում թույլ է տալիս մրցակիցներին առանց ավելորդ լարվածության խաղալ իտալացիների դեմ։ Փոխարենը Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ Իտալիայի ազգային հավաքականն ավելի կուռ թիմ է դարձել՝ պատրաստ մինչեւ վերջին վայրկյանները պայքարելու հանուն բաղձալի նպատակի՝ հաղթանակի համար։

«Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան – Իտալիա հանդիպման առաջին մի քանի րոպեները անցան տանտերերի առավելությամբ։ Հայաստանի հավաքականն ավելի շատ էր վերահսկում գնդակի տեղաշարժը եւ վտանգավոր գրոհում էր։ Արդյունքը եղավ այն, որ արդեն 11-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ջանքերով բացվեց խաղի հաշիվը։ Հայաստանի ընտրանու կազմակերպած արագ հակագրոհը դիպուկ հարվածով եզրափակեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որին վերջին խաղերում հաջողվում է բավականին արդյունավետ խաղ ցուցադրել:



Բաց թողած գոլից հետո իտալացիները տիրեցին խաղային ու տարածքային առավելությանը, եւ 28-րդ րոպեին Անդրեա Բելլոտիի ջանքերով կարողացան խփել պատասխան գնդակը՝ 1-1: Թվում էր, թե առաջին խաղակեսում այլեւս հետաքրքիր դրվագներ չեն գրանցվի, սակայն հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված առաջին իսկ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ խաղադաշտից հեռացվեց գոլի հեղինակ դարձած Ալեքսանդր Կարապետյանը: Հանդիպումը սպասարկող գերմանացի գլխավոր մրցավարն արմունկով հարված էր նկատել Ալեքսանդր Կարապետյանի կողմից։ Լեոնարդո Բոնուչիի դեմ պայքարում, սակայն, Ալեքսանդր Կարապետյանը կարծես թե մրցակցին դեմքին չհպվեց:

Որքան էլ Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները պահանջեցին մրցավարին ավելի արդար լինել, որոշումն անբեկանելի մնաց։ Արդյունքում երկրորդ խաղակեսը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները սկսեցին արդեն 10 հոգով, սակայն անգամ թվային առավելություն ունեցող մրցակցի հանդեպ կարողացան որոշակի խաղային առավելություն ստանալ. մի քանի սուր գրոհներ կազմակերպվեցին, որոնք, սակայն, այդպես էլ իտալացիների դարպասի գրավմամբ չավարտվեցին:



Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականի գրոհները հիմնականում եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանի արագացումների եւ անցումների շնորհիվ էին ստացվում: Ընդհանրապես, իտալացիների հետ դիմակայությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան օգտակար կարող է լինել Կամո Հովհաննիսյանը հավաքականի համար, եթե հստակ հանձնարարություններ տրվեր եւ այնպիսի խաղային ձեռագիր մշակվի, որը թույլ կտա օգտագործել ֆուտբոլիստի ունեցած մեծ աշխատունակությունն ու արագությունը։

Ի տարբերություն Հայաստանի ազգային ընտրանու՝ իտալացիների գրոհները հաջողությամբ ավարտվեցին: Հանդիպման 77-րդ րոպեին փոխարինման մտած Լորենցո Պելլեգրինիին մի պահ աչքաթող արեցին, ու արդյունքում հանդիպման հաշիվը փոխվեց։ Պետք է նկատել, որ դարպասի գրավումը ծնվեց գրեթե ոչնչից, քանի որ մինչեւ այդ Հայաստանի հավաքականի պաշտպանները կարողանում էին հեշտորեն եւ ջանասիրությամբ չեզոքացնել մրցակցի գրոհները։ Ուշարժան է, որ մարզադաշտ եկած գրեթե 13,800 հանդիսականների համար իտալացիների խփած գնդակը սառը ցնցուղ էր, քանի որ դրանից ավելի վաղ լեփ-լեցուն տրիբունաներում երկրպագուական «ալիք» էր տարածվել։ «Ալիքն» այնքան երկար տեւեց, որ երկրպագուներից շատերը չտեսան էլ, թե ինչպես իտալացիներին հաջողվեց գրավել Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը։



Հաշված րոպեներ անց Անդրեա Բելլոտին խփեց նաեւ հյուրերի երրորդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Ավելի ուշ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը գոլը գրանցեց Արամ Հայրապետյանի վրա որպես ինքնագոլ։ Այսպիսով՝ խաղատախտակին հանդիպման 80-րդ րոպեից սկսեց վառվել 1-3 հաշիվը։ Պարզվեց այն վերջնական է. խաղն այդպես էլ ավարտվեց, թեեւ մի քանի սխալների արդյունքում հանդիպման հաշիվն ավելի խոշոր կարող էր լինել։

Դառը պարտությունից հետո Հայաստանի ազգային ընտրանին շարունակում է վաստակած 6 միավորով մնալ վերջին՝ «J» խմբում երկրորդ տեղով «ԵՎՐՈ-2020»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հավակնորդների շարքում։ Հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող Իտալիայի ազգային հավաքականն այլեւս գործնականում անհասանելի կլինի, սակայն 2-րդ տեղում գտնվող Ֆինլանդիան Հունաստանին 1-0 հաշվով հաղթելուց հետո ունի 12 միավոր, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Բոսնիա եւ Հերցեգովինայի ազգային թիմը 7 միավոր, քանի որ առանց խնդիրների կարողացավ 5 անպատասխան գնդակ ուղարկել Լիխտենշտեյնի ազգային հավաքականի դարպասը։



Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին կրկին տանը՝ «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Հիշարժան է, որ «ԵՎՐՈ-2020»-ի ընտրական փուլի 1-ին եւ 2-րդ տուրերում Հայաստանի ընտրանին պարտություններ էր կրել Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականներից, իսկ 3-րդ ու 4-րդ տուրերում առավելության էր հասել Լիխտենշտեյնի եւ Հունաստանի ընտրանիների նկատմամբ: