Նյութը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-09-2019
Ունկնդրին ներկայացվեց Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին
Սեպտեմբերի 4-ին «Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակներում Երևանում հնչեց մեր ժամանակների մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կամերային գործերի ընտրանին։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկած համերգաշարը ներկայացնում է մաեստրո Մանսուրյանի կինոերաժշտությունը, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները։

Կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը հնչեցրեց Թիվ 3 լարային կվարտետը։ Քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը նշում է, որ առաջին անգամ են կատարում Մանսուրյանի այդ ստեղծագործությունը, որը բավականին բարդ է և՛ ռիթմի, և՛ տեմպի առումով։ Այս ընթացքում քառյակի երաժիշտներն աշխատել են հեղինակի հետ և բավականություն ստացել։ Էրիկ Մանուկյանը նկատում է, որ Եվրոպայում հաճախ են հնչում Մանսուրյանի հատկապես սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, և այս համերգաշարը լավ հնարավորություն է մեր ունկնդրին ծանոթացնելու Մանսուրյանի դասական գործերին։

Երեկոյի ընթացքում կատարվեցին Մանսուրյանի կամերային այլ ստեղծագործություններ նույնպես։ Հանդես եկան դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, սոպրանո Աննա Ավդալյանը։

Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։

Նշենք, որ «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Պատկերասրահ՝ Երևանում հնչեց մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կամերային գործերի ընտրանին