Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 10-09-2019
Տարբեր համայնքների ավանդական ճաշատեսակները՝ մեկ վայրում
«Food Sharing» ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ տարբեր համայնքների ներկայացուցիչները կարող են պատմել իրենց մասին, իրենց խոհանոցային մշակույթի, կերակուրների, ճաշ եփելու ավանդույթների, սեղանի ձևավորման մասին: Ըստ կազմակերպիչների՝ միջոցառման հիմնական նպատակը Հայաստանի համայնքները համախմբելն է:

«2018 թվականին Ֆրանսիայում մասնակցել ենք կոնֆերանսի, որտեղ հավաքվեցինք տարբեր երկրներից հինգ կազմակերպություններով և որոշեցինք դիմել՝ նման ծրագիր իրականացնելու համար: Մենք ստացանք այդ հնարավորությունը: Լեհաստանում, Ռումինիայում և Խորվաթիայում այս միջոցառումից արդեն կազմակերպվել է: Հիմա Հայաստանում ենք անում, իսկ հետո նույն ծրագիրն արդեն՝ Ֆրանսիայում պետք է կազմակերպվի»,- նշեց Գլոբալ երիտասարդական միություն ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Լիանա Դաշյանը:

Միջոցառմանը մասնակցում էին վեց համայնքներից ներկայացուցիչներ՝ լեհական, հունական, հրեական, ասորական, ռուսական և ուկրաինական: Ուտեստների ընտրությունն իրենցն է. բոլորը փորձում էին ներկայացնել իրենց մշակույթը, խոհանոցը: 

Ադելինա Լիվշիցը ներկայացնում է հրեական համայնքը. «Այսօր ներկայացնում եմ հրեական լցոնած ձկան ուտեստ՝ «Gifelte Fish»: Այն պատրաստվում է տոնական սեղանի համար: Շուտով՝ սեպտեմբերի 28-ին, հրեական Նոր տարին է՝ Ռոշ ա Շանա: «Gifelte Fish»-ը  պարտադիր ուտեստ է, որ պետք է լինի տոնական սեղանին: Այն խորհրդանշում է բարեկեցություն և հարստություն»:

Արաքսյա Ավչիևան, ով ներկայացնում է ասորական համայնքը, նախկինում ևս մասնակցել է նմանատիպ միջոցառումների և ներկայացրել ազգային խոհանոցը: Սակայն այն ուտեստը, որը պատրաստել էր այս միջոցառմանը մասնակցելու համար, տարբերվում էր յուրահատուկ բաղադրությամբ, պատմությամբ և անվամբ:

«Ուտեստը, որը ներկայացնում եմ, կոչվում է «Սև Շամիրամ»: Այն ասորական քաղցրավենիք է, որը տարբերվում է մնացած ուտեստներից նրանով, որ խմորի մեջ եփված ձվի դեղնուց է դրվում, այն էլ քերիչի միջով անցկացնելուց հետո: Այնուհետև պատրաստում ենք խմորը և շոկոլադե միջուկը: Որոշեցի հենց այս ուտեստը պատրաստել  և ներկայացնել, քանի որ Շամիրամը բոլորին հայտնի է: Քաղցրվենիքի համն էլ է յուրահատուկ:  «Սև Շամիրամ» պատրաստել են Ուրմիայի շրջանի ասորիները: Ես այս ուտեստի մասին իմացել եմ իմ տատիկի շնորհիվ. նա փոխանցել է բաղադրատոմսը մայրիկիս, իսկ մայրիկս՝ ինձ»,-  Eritasard.am-ի հետ զրույցում պատմեց Արաքսյան: 

Պատկերասրահ՝ «Food Sharing» ծրագրի շրջանակներում ներկայացվեցին տարբեր համայնքների ավանդական ճաշատեսակները