Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-09-2019
Ազդարարվեց «Հոդված 3» իրավունքի փառատոնի մեկնարկը
Սեպտեմբերի 14-ից 20-ը «Հոդված 3» իրավունքի փառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ Երևանում և Վանաձորում։
«Ես էլ եմ այստեղ» խորագիրը կրող իրավունքի փառատոնի նպատակն է հանրային, մշակութային միջոցառումների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, դառնալ երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ստեղծել մարդու իրավունքների վերագնահատման և արժևորման մշակույթ։ Արդեն երկրորդ տարին անցկացվող «Հոդված 3» իրավունքի փառատոնն այս տարի նվիրված է ատելության խոսքի դեմ պայքարին:



«Այս օրերին ատելության խոսքը շատ սարսափելի դրսևորումներ է ունենում, և մենք յուրաքանչյուրս  սրա դեմ պայքարելու անհրաժեշտություն և պահանջ ունենք: Շատ կարևոր է, որ այս տարի փառատոնը նվիրված է հենց ատելության խոսքի դեմ պայքարին»,- նշեց «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը:



Փառատոնն այս տարի մեկնարկեց «Ես կին եմ» թատերական ներկայացմամբ։ Պատահական չէ թատերական ներկայացման ընտրությունը․երեք կին, երեք տարբեր պատմություններ, երեք չստացված ճակատագրեր:  Բոլորն էլ հիշում են իրենց ծննդավայրը, ծնողներին և վերջապես՝ շրջապատի կարծիքը: Ամենամոտ ու հեղինակավոր՝ հարազատներից մինչև անմիջական շրջապատ, սրանք են այն որոշիչ գործոնները, որ կարող են կործանել յուրաքանչյուրին: Հենց այդպես էլ լինում է: Ներկայացման սցենարը հիմնված է հոգեբանական ծառայություն դիմած երեք կնոջ կյանքի պատմության հիման վրա։


 
Դերերը մարմնավորում են Ժաննա Հովակիմյանը, Մարիանա Եղիազարյանը, Անի Գևորգյանը: Բեմադրող ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է, պրոդյուսերները՝ Ժաննա Հովակիմյանը և Մարիանա Եղիազարյանը: Ներկայացմանը հաջորդեց հանդիսատեսի հետ քննարկում։



Փառատոնի ընթացքում նախատեսված են նաև թատերական այլ ներկայացումներ, մարդու իրավունքի զրույցներ, Վիքիպեդիա խմբագրաթոն, սթրիթ-արթ, վազքի մարաթոն և տոնական համերգ: