Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-09-2019
Հայաստանի անկախության տոնին անցկացվելու են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այսօր տոնական իրադարձությունների կենտրոնն է լինելու:

Տոնական միջոցառումները սկսվելու են ժամը 11։00-ից ու շարունակվելու են մինչև 23։00-ն։ Նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ՝  երաժշտական ծրագիր, հանրային քննարկում, ցուցահանդես, ֆիլմի դիտում, ժամը 19։00-ին Վարդանյանց հրապարակում տեղի է ունենալու գալա համերգ՝ հայ և արտասահմանյան հայտնի երգիչների, երաժիշտների մասնակցությամբ։ Լինելու է օդապարիկների փառատոն։

Սեպտեմբերի 21-ին առաջին անգամ կանցկացվի վարչապետի մրցանակաբաշխություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, որին կմասնակցեն մարդիկ, ովքեր փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բզինես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ 
Մայրաքաղաք Երևանում, նաև Հայաստանի մյուս մարզերում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, բայց, բնականաբար, տոնակատարությունների կենտրոնը լինելու է հենց Գյումրին: 

Ի դեպ, նշենք, որ ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: Այսպես՝ №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15, (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40): №102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10), իսկ հակառակ ուղղությամբ՝ 22:40-ին (ժամանումը Երևան՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 0:50): Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետևյալ կարգով՝ 

-Երևանից 7:55 և 12:00 կմեկնեն №684 և 686 գնացքները, որոնք Գյումրի են ժամանելու համապատասխանաբար 11:06 և 15:11:

-Գյումրիից Երևան սեպտեմբերի 21-ին՝ ժամը 7:45 ու 21:40 և սեպտեմբերի 22-ին՝ ժամը 0:00 ու 0:30 կուղևորվեն №681, 683, 685 և 687 էլեկտրագնացքները, որոնք Երևան են ժամանելու համապատասխանաբար 10:57, 0:10, 2:25 և 3:00: Այնպես որ՝ Գյումրի հասնելու համար ստեղծվել են համապատասխան պայմաններ: