Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 22-09-2019
ՀՀ անկախության 28-ամյակը՝ Գյումրիում
Տևական ժամանակ էր, ինչ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին պատրաստվում էր Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնակատարություններին։

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան ակտիվ աշխատում էին Երևան-Գյումրի գնացքները, էլեկտրագանցքներն ու երթուղայինները։ Ոչ միայն Երևանից, այլ Հայաստանի մյուս քաղաքներից մարդիկ շտապում էին Գյումրի՝ Անկախության տոնը նշելու։ 

ՀՀ անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասն անցկացվում էր «Գուկաս Գյումրի» կարգախոսով։ Ժամը 11։00-ից քաղաքի տարբեր հարթակներում տեղի ունեցան  համերգներ, ցուցադրություններ, հյուրասիրություն․․․Ցուցահանդեսներին ներկայացված էին արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները, դե իսկ հայկական ավանդական խոհանոցի ուտեստները Գյումրին ողողել էին անուշ բույրերով։

Տոնական տրամադրությունն ամեն քայլափոխին էր՝ աջ կողմում, ձախ, դիմացը, ետևում և անգամ  օդում․ Գյումրվա երկինքը զարդարել էին տասնյակ օդապարիկներ։ 

Տոնական միջոցառումներին զուգահեռ ընթանում էին նաև հանրային քննարկումներ։ Մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ  անցկացվեց հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:

Ինչպես նաև առաջին անգամ անցկացվեց վարչապետի մրցանակաբաշխություն՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, որին մասնակից դարձան մարդիկ, որոնք փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես ստեղծում և ապագան կապում են Հայաստանի հետ։

Արդեն երեկոյան Վարդանանց հրապարակում մեկնարկեց շքեղ գալա-համերգ՝ հայ և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ:  Դե իսկ վերջում՝ ավանդաբար, գյումերեցիներն ու քաղաքի հյուրերն ականատես եղան շքեղ հրավառության։