Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-09-2019
«Փորձում ենք մարդկանց վերադարձնել իրենց ակունքներին, հայ լինելու արժանապատվությունը». Ռևիկ Կարապետյան
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության կողմից կազմակերպված հանդիպում վիրահայերի հետ, որի շրջանակներում քննարկվեց վիրահայ երիտասարդների համար կազմակերպված քառօրյա այցը դեպի Մայր հայրենիք:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու ծառայող Տեր Տաթև քահանա Մարուքյանը ներկայացրեց Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը, ուսանողների, դպրոցականների Թբիլիսի, Բաթումի, Ռուստավի քաղաքներից, նաև Ջավախքից, որոնք 4 օր, ճանաչողական այցով․ Մայր հայրենիքում են անցկացնելու: Այցելելու են պատմամշակութային, հոգևոր նշանակություն ունեցող վայրեր՝ արդեն մոտիկից ծանոթանալու սեփական մշակույթին ու պատմությանը:

Քահանա Մարուքյանի խոսքով ծրագրին այս տարի մասնակցում է շուրջ 25 երիտասարդ: Ընտրվել են այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր վաղ տարիքից ընդգրկված են եղել եկեղեցական կյանքում, կամավոր սկզբունքներով մասնակցել են թեմի կողմից կազմակերպվող ամենատարբեր միջոցառումների:

Քահանա Մարուքյանը նշեց, որ նախարարության այս ծրագիրը անչափ կարևոր իրողություն է, քանզի այն հնարավորություն է տալիս վիրահայ երիտասարդներին ծանոթանալու հայկական միջավայրին. «Մասնակիցներից շատերը ապրելով Վրաստանի տարբեր քաղաքներում, անգամ հայոց լեզվին չեն տիրապետել: Միանալով վիրահայոց թեմին հետզհետե սկսել են սովորել մայրենի լեզուն, ծանոթանալ պատմությանն ու մշակույթին: Սակայն մեկ բան է, այդ ամենը իմանալը, մեկ ուրիշ բան է գալ և սեփական աչքերով տեսնելը,- ասում է Տեր Տաթևն ու շարունակում. «մասնակիցներից Սերգոն, օրինակ, առաջին անգամ է հայրենիքում: Պատմությանն ու լեզվին շատ լավ տիրապետում է, շատ բան է լսել, կարդացել, սակայն առաջին անգամ է ոտք դնում Հայաստան՝ ամեն ինչ տեսնեդլու իր աչքերով: Էմիլն արդեն մի քանի անգամ մասնակցում է տարբեր ծրագրերի: Շատերն անգամ լեզուն չիմանալով՝ այսօր արդեն ինտեգրվել են հայկական միջավայրին, ոմանք անգամ ուզում են տեղափոխվել Հայաստան մշտական բնակության»:

Մասնակիցներից Նինա Սերոբովան պատմեց,- «Առաջին անգամ Հայաստան եկել եմ «Արի տուն» ծրագրով: Այն ժամանակ ինձ համար շատ դժվար էր, հայերեն չգիտեի: Վերադարձա Վրաստան ու որոշեցի, որ պետք է հաճախեմ Հայարտուն կենտրոն, որտեղ էլ մայրենի լեզուս սովորեցի: Հասկացա, որ պետք է հայ լինեմ ոչ միայն փաստաթղթերով, այլև իմ ողջ էությամբ ու առաջին հերթին մայրենի լեզվի իմացությամբ: Շատ եմ սիրել հայրենիքս ու արդեն մտածում եմ Հայաստան տեղափոխվելու մասին»:

Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների Հայ եկեղեցու և հայ ժողովրդի պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանը նշեց, որ թեև վիրահայրեն իրենց այդքան էլ սփյուռք չեն համարում, սակայն այնտեղ էլ կան երիտասարդներ, ովքեր կտրված են հայ համայնքից ու հայ լինելուց. «Մենք փորձում ենք այդ մարդկանց բերել հայկական միջավայր, վերադարձնել՝ իրենց ակունքներին, հայ լինելուն: Նույնիսկ ունեցել ենք ադրբեջանցի մասնակից, որի մայրը հայ էր: Հաճախելով կիրակնօրյա դպրոց՝ նա ինտեգրվեց հայ համայնք։ Կարելի է ասել հոգով հայ դարձավ: Գիտեք, մարդուն չի կարելի ստիպել սիրել հայրիենիքը, որն ինքը չի ճանաչում, չի տեսել: Գալով Հայաստան՝ նրանք սիրահարվում են այս հողին, մշակույթին ու կենցաղին: Ասեմ, որ մեր մասնակիցները շատ են հավանել նաև հայկական խոհանոցը: Աղջիկներն արդեն հետաքրքրվում են բաղադրատոմսերով»: 

Հանդիպման ավարտին մասնակիցները նաև որոշ նկատառումներ արեցին: Նրանք մասնավորապես նշեցին, որ հաջորդ անգամ կցանկանային հանդիպել հայտնի մարզիկների հետ, որոնց հաղթանակներով միշտ հեռվից ուրախանում են: Ցանկություն հայտնեցին հանդիպել նաև հայրենադարձների, կայացած ու հաջողակ մարդկանց հետ: