Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-09-2019
Սամուել Էտո'Օ-ն ցանկանում է լինել առաջինը
Կամերունցի ֆուտբոլիստը հանրությանը ներկայացրել է, թե որ ոլորտում է տեսնում իրեն մոտ ապագայում։

Ընդամենը նախորդ ամիս առաջ ֆուտբոլային կարիերան ավարտած կամերունցի Սամուել Էտո'Օ-ն հանդես է եկել հայտարարությամբ. նախկին ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել ապագայում մարզիչ դառնալ եւ հաջողությունների հասնել նաեւ այդ ասպարեզում:

Մասնավորապես, «Cadena SER» լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում կամերունցին ասել է. «Մի օր ես կվերադառնամ «Բարսելոնա»: Ցանկանում եմ դառնալ առաջին սեւամորթ մարզիչը, որը կհաղթի ՈՒԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգայում», եւ նպատակ ունեմ այնպես անել, որ իմ թիմը խաղա հենց այնպես, ինչպես Պեպ Գվարդիոլայի թիմերը»:

Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Մալյորկայում», կատալոնական «Բարսելոնայում», Միլանի «Ինտերում», Մախաչկալայի «Անժիում», Լոնդոնի «Չելսիում», «Էվերթոնում», «Սամպդորիայում», թուրքական «Անթալյասպորում» և «Կոնյասպորում»։ Կամերունցու ֆուտբոլային կարիերայի վերջին ակումբը եղել է «Քաթարը»:

Հավելենք, որ Էտո'Օ-ն ֆուտբոլային կարիերայի ընթացքում 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ մեկ անգամ հաղթել իտալական Ա Սերիայում: Բացի այդ, Սամուել Էտո'Օ-ն հանդիսանում է Կամերունի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, որի գույները պաշտպանել է 1996-2014 թվականներին: