Նյութը՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-09-2019
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնները՝ բնապահպանական կրթության առաջնագծում
Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) բնապահպանության և բնօգտագործման ամբիոնը և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը համատեղ իրականացնում են «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանության) ոլորտում բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացումը: Ծրագիրը կարևորում է հետբուհական կրթության և գիտահետազոտական գործունեության սերտ կապը՝ շրջանավարտներին զինելով նորագույն գիտելիքներով և գործնական հմտություններով: 

Բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվում է միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատոր հենքի վրա, որտեղ կիրականացվեն ուսանողական նախագծեր և արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Ավելին՝ լաբորատորիան զինվում է ժամանակակից լաբորատորայի ենթակառուցվածքներով և հնարավորություն է տալիս իրականացնելու տարբեր նախագծեր համալսարանների և արտաքին շահառուների միջև: Արդեն իսկ կնքվել է միկրոանալիզի համակարգով ռաստրային էլեկտրոնային մանրադիտակի (ՌԷՄ)  մատակարարման պայմանագիրը, որի ձեռքբերումը հնարավորություն կընձեռի իրականացնել նորարարական գործառույթներ՝ օպտիկական արտապատկերումից դեպի ՌԷՄ արտապատկերում և ՌԷՄ դիտման ընթացքում վերակառուցված կենդանի 3D պատկերների ցուցադրում:

Ուսումնական այցեր են կատարվել գործընկեր եվրոպական համալսարաններ՝ Տուշայի համալսարան (Իտալիա), Լիսաբոնի տեխնիկական համալսարան՝ (Պորտուգալիա), Մարտին Լյութերի համալսարանի Երկրաբանական գիտությունների և աշխարհագրության ինստիտուտ (Գերմանիա), որտեղ ուսումնասիրվել են համապատասխան առարկայական ծրագրերը և նկարագրերը, գիտության և կրթության մերձեցման հաջողված փորձը, ինչպես նաև հետազոտահեն կրթության իրականացման մոդելները և կառուցակարգերը:

Միջազգային ուսումնասիրության հիման վրա ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը կատարել է դասավանդվող և դասավանդվելիք դասընթացների համեմատական վերլուծություն՝ տվյալ դասընթացները եվրոպական լավագույն փորձին առավելագույնս մոտեցնելու միտումով:

Ծրագրի շրջանակներում կատարվել է բնապահպանական կրթության SWOT վերլուծություն, որի նպատակն է վերհանել Հայաստանում բնապահպանական կրթության պահանջարկը, բացերը, արտաքին շահեկիցներին, բնապահպանական կրթության առավելությունները և թերությունները: Դասընթացները մշակվելու և արդիականացվելու են թե´ հայերեն, թե´ անգլերեն լեզուներով և դասավանդվելու են արդեն իսկ 2019-2020 ուսումնական տարում՝ նպաստելով բնապահպանական կրթության միջազգայնացմանը և ինտեգրմանը բարձրագույն եվրոպական կրթական տարածք: