Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ www.ysu.am-ից
Տեղադրվել է 01-10-2019
Մեկնարկել Է ԵՊՀ ՈւԳԸ 6-րդ միջազգային գիտաժողովը
Սեպտեմբերի 30-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության միջազգային 6-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

Գիտաժողովի  նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Ամենամյա գիտաժողովի մասնակիցները՝ ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները, հնարավորություն են ստանում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ: Այս տարի զեկուցմամբ հանդես է գալու 250 մասնակից, որից 38-ը՝ արտերկրից: 

Բացման արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական և մայր բուհի օրհներգերի կատարումով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: 

«Նոր արդյունք ստեղծելիս մի՛ վախեցեք սխալվելուց, բայց շատ վախեցեք գրագողությունից: Եթե մեկ անգամ տրվեք գրագողություն իրականացնելու գայթակղությանը, ամբողջ կյանքում չեք կարողանա այդ բիծը մաքրել ձեր վրայից: Խիզախեք, բացեք նոր ճանապարհներ»,- իր ելույթում նշեց Գևորգյանը: 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ՈւԳԸ նախագահ Վանատուր Շերենցը և ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

Միջոցառման մշակութային հատվածում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները կատարեցին Կոմիտասի մանրանվագները, ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաներն ներկայացրին պարային կատարում, իսկ «Կարին» ավանդական երգի և պարի համույթը հանդես եկավ «Յարխուշտա»-ի կատարմամբ։ 

Նշենք նաև, որ ԵՊՀ ՈւԳԸ միջազգային 6-րդ գիտաժողովի 17 բաժանմունքներին զուգահեռ տեղի են ունենալու նաև պանելային 4 նեղ քննարկումներ՝ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ: Բացի այդ օտարերկրյա մասնակիցների համար իրականացվելու են այցեր դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր: