Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Հերմինե Կարապետյանի
Տեղադրվել է 02-10-2019
«Լուսնի վրա էլ հայտնվեմ ստեղծագործելու եմ». Երևանում բացվել է ֆրանսիաբնակ արվեստագետ Սարեի ցուցահանդեսը
Երեկ Սարգիս Մուրադյան պատկերասրահում բացվեց ֆրանսիաբնակ Saré-ի՝ Եվգենիա Սարգսյանի գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Բացմանը ներկա էր նաև հեղինակը, որն անկեղծացավ. «Երջանիկ եմ, որ շատ գեղեցիկ  առիթ եղավ գալու, շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ հայրենիք գալ և ցույց տալ բացակայության արդյունքը», - նշեց նա:

Հայտնի նկարչուհին ցուցահանդեսներ է ունեցել Նյու-Յորքում, Փարիզում, Լյուքսեմբուրգում, Մոսկվայում, իսկ Երեւանում, սա նրա երրորդ ցուցահանդեսն է:



«Մուսայի անհրաժեշտություն չունեմ, ես միշտ աշխատանքային վիճակում եմ, այդ վիճակն ինձ համար գոյության վիճակ է: Իսկ աշխատանքները շատ ինքնաբերաբար են ծնվում, ոչ մի կանխամտածվածություն չկա: Տետր ունեմ, որ խզբզում եմ, այդ խզբզումները հետո վերածվում են գրաֆիկաների ու գեղանկարների:  Առաջին գիծը քաշելիս, երբեք չգիտես թե ինչ կստացվի», -ասում է արվեստագետն ու շարունակում,- «Արդեն երկար տարիներ է, ապրում եմ Հայաստան, Ֆրանսիա, Ամերիկա եռանկյունիում, երեք տեղում էլ ես ինքս ինձ հետ եմ զգում, աշխատելու  պայմաններ ունեմ և աշխատում եմ: Լուսնի վրա էլ հայտնվեմ, եթե ներկերս ինձ հետ լինեն նույն կերպ աշխատելու եմ»:



Դժվարանում է ինչ-որ մի նկար կամ աշխատանք առանձնացնել, ասում է չի ուզում, որ մնացած գործերն իրենից նեղանան: Արվեստագետի մոտ ստեղծագործական պրոցեսն էլ ուղղեկցվում է հետաքրքիր սովորություններով. «Աշխատելիս միշտ ռադիո եմ միացնում, ոչ թե երաժշտություն, այլ խոսք, կարող է ինչ-որ աուդիոգիրք լինել, բայց ես չեմ լսում, դա ինձ համար պարզապես ֆոն է՝ յուրահատուկ միջավայր է ստեղծում: Պատահել է, որ շատ վատ կրկնօրինակմամբ ամենրիկյան ֆիլմ եմ միացրել, երբեմն աղջիկս մտնում է արվեստանոց, զայրանում, թե, -էս ի՞նչ ես լսում: Բայց ես իրականում դա չեմ լսում, դա միայն ֆոն է՝ ձայնային պատ»:



Եվգենիա Սարգսյանի՝ ինքնատիպ ու հետաքրքիր ցուցահանդեսը Սարգիս Մուրադյան պատկերասրահում կգործի մինչև հոկտեմբերի 10-ը: