Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-10-2019
«Մենք, երիտասարդ ու կոտրված». ֆիլմ փոշիացած երազանքների ու կոտրված մարդկանց մասին
Վերջերս ՆՓԱԿ-ում ցուցադրվեց Մարիամ Գրիգորյանի դիպլոմային՝ «Մենք, երիտասարդ ու կոտրված» ֆիլմը, որն արժանացել է Սոսե Միջազգային փառատոնի խրախուսական դրամաշնորհին:

Այն խաղարկային-դոկումենտալ կարճամետրաժ ֆիլմ է Թատերական ինստիտուտի ուսանողուհի, կինոռեժիսոր Մերրի մասին, որը գտնվում է ուսումնական ավարտական պրոցեսում և փորձում է հասկանալ, թե ի՞նչ է անելու, ի՞նչ է դառնալու ապագայում: Ֆիլմում ներկայացված են նաև այլ ուսանողների խնդիրներ,  ուսումնական պրոցեսի բարդություններ: Ֆիլմի ռեժիսոր Մարիամ Գրիգորյանի խոսքով ֆիլմում ներկայացված խնդիրներին սովորելու տարիներին բախվել է նաև ինքը. «Կրթության հետ կապված խնդիրներ են, թե արդյոք ի՞նչ է մեզ տալիս բարձրագույն կրթությունը... Իմ հերոսուհու՝ Մերիի միջոցով ներկայացնում եմ բոլոր այն խնդիրները, որոնց բախվում է ցանկացած բուհի, ցանկացած ուսանող, որը մեծ երազանքներով ու փայլուն աչքերով ընդունվում է համալսարան, սակայն այդպես էլ իրեն չի գտնում աշխատաշուկայում, անընդհատ փնտրտուքների մեջ է, - պատմում է Մարիամն ու շարունակում,- իմ հերոսուհին էլ  ֆիլմի ընթացքում փորձում է և՛ ֆիլմ նկարել, և՛ ընկերներին օգնել, համատեղել ամեն ինչ, սակայն ի վերջո կոտրվում է:  Այնուամենայնիվ նկարահանում է ֆիլմ, որտեղ ուսանողները պատմում են այն խնդիրների մասին, որոնց բախվել են սովորելու տարիներին, խոսում են  համալսարանական կյանքի բարդությունների մասին»:

Ֆիլմում ուսանողններից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու պատկերացումները, իր երազանքներն ու պլանները, սակայն նրանցից շատերն են խոստովանում, որ սովորելու տարիներին այդ երազանքներից շատերը փոշիացել են, իրենք էլ այդ ճանապարհին կոտրվել են: Խոսվում է կրթական համակարգի բացերի մասին, որոնք յուրաքանչյուր ուսանողի անկախ մասնագիտությունից փակուղու առաջ են կանգնեցնում ավարտելուց հետո, քանզի նրանցից շատերը այդպես էլ չեն գտնում՝ իսկ հիմա ինչ եմ անելու, ինչո՞վ եմ զբաղվելու, որտեղ եմ աշխատելու հարցերի պատասխանները:  

Ֆիլմի ռեժիսոր Մարիամն ասում է,- «Ֆիլմը նկարահանել եմ, որ ավագ սերունդը տեսնի ու ամաչի, որ մենք՝ երիտասարդներս փայլուն աչքերով ու մեծ երազանքներով մտնում ենք բուհ, սակայն այդպես էլ ինքնաարտահայտվելու հնարավորություն չենք ունենում, մեզ չենք գտնում, անընդհատ փնտրտուքների մեջ ենք, այնինչ, թվում է թե բուհում մենք մեր բոլոր հարցերի պատսխանները պետք  է ստանաինք»: 

Մարիամը ևս դեռ փնտրտուքների մեջ է, սակայն չի կոտրվել...

Ավարտելուց հետո շուրջ մեկ տարի աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես ռեժիսորի օգնական, այժմ էլ աշխատում է նոր  կինոնախագծի վրա: 

Իսկ նրա «Մենք, երիտասարդ ու կոտրված» ֆիլմ ավարտվում է գլխավոր հերոսուհու Մերիի ինքն իրեն ուղղված հետևյալ հարցով.

-Մերրի ,
Ի՞նչ դարձար...