Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-10-2019
«1000 տարվա գյուղամեջ» փառատոնը` Փշատավանում
Թումանյանական շունչը, լարախաղացի զգույշ, բայց միեւնույն ժամանակ համարձակ շարժումները, լավաշի բույրն ու Կոմիտասի երաժշտությունը մեկտեղվել էին ու ստեղծել «1000 տարվա գյուղամեջ»:

Արդեն երկրորդ տարին է, որ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում անցկացվում է «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Կենցաղավարության, արհեստների և արվեստի  փառատոնի նպատակն է  զբոսաշրջության միջոցով նպաստել Փշատավան համայնքի զարգացմանը։

«1000 տարվա գյուղամեջ»-ի  հեղինակ – կազմակերպիչ Կարինե Փանոսյանը ողջույնի խոսքով հանդես եկավ և նշեց,-«այս արևաշատ համայնքում մարդիկ նույնքան արևաշատ ու ջերմ են, և հենց այդ ջերմությամբ էլ  ձեզ կընդունեն իրենց  բակերում: Փառատոնը շարունակական է լինելու և տարիների ընթացքում մենք կշտկենք տեխնիկական խնդիրները`էլ ավելի լավը դարձնելու համար»: 

Իսկ Փշատավանի երիտասարդական նախաձեռնության համակարգող Լիլիթ Գրիգորյանի ամենամեծ ցանկությունը փառատոնի տարեց տարի զարգանալն ու ընդլայնվելն է :

«1000 տարվա գյուղամեջ»-ը մյուս փառատոններից տարբերվում էր իր ձևաչափով,  քանի որ տաղավարները  տեղադրված էին ոչ թե հրապարակում, այլ բնակիչների բակերում։ Հյուրերը ոչ միայն դիտում, այլ նաև մասնակցում էին բակերում տեղի ունեցող անցուդարձին:  

Բակերն անվանական էին, և յուրաքանչյուր այցելու գտավ իրեն հետաքրքրող բակը: 

Գյուղացիներից  շատերի բակերը վերածվել էին «թանգարանների» , դրանցից յուրաքանչյուրում միախառնվել էին ներկայի ու անցյալի սովորությունները:

Փշատավանի գյուղապետարանի ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանն էլ  վստահեցրեց` յուրաքանչյուր այցելու կհամոզվի, որ Փշատավան գյուղն այն գյուղն է, որտեղ կարելի է գալ հանգստանալու և լիցքաթափվելու նպատակով:  

Փառատոնին  ներկա էր նաև Դյութազնագրքի հերոս Գևորգ Աֆրիկյանը,  նա փառատոնի մասնակիցների ներկայությամբ 53 րոպեում 55 անգամ կատարեց  հենում-ծալում վարժությունը և ռեկորդ սահմանեց:

Պատկերասրահ՝ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը