Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 05-10-2019
«Իմ խաչը» ֆիլմում Արցախյան ազատամարտն է՝ ֆրանսիացի բժշկի աչքերով
Հոկտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Իմ խաչը» ֆիլմի պրեմիերան:

Պատերազմը վավերագրած Շավարշ Վարդանյանի մոտ միտք էր ծագել Արցախյան ազատամարտի ընթացքում լուսանկարած կադրերը վերածել գեղարվեստական ստեղծագործության: Իրական պատմությունները  գեղարվեստական կինոսցենար են դարձնում սցենարիստներ Էդուարդ Խալդը, Արմեն Վաթյանը և Արսեն Դանիելյանը:  Արդյունքում պատրաստված ֆիլմում տեղ են գտնում նաև Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:

«1988 թվականին ես մեկնել եմ Արցախ և չորս տարի մնացել եմ այնտեղ, նկարահանել եմ բազմաթիվ կադրեր մարտական իրավիճակներից, կադրեր, որոնք պատմում են մեր հերոս տղաների մասին, և թե ինչպես նրանք ազատագրեցին Արցախը: Դա էր իմ նպատակը. գնալ Արցախ ոչ թե զենքով, այլ տեսախցիկով: Ես պետք է կարողանայի այդպես պատմությունը հաղորդել սերունդներին: Այսօր ես հպարտ եմ, որ նկարահանածս կադրերը ծառայում են իմ այդ նպատակին»,- ասաց Շավարշ Վարդանյանը:

Կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝  «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը ներկայացնում է Արցախում 1991-1992 թվականների իրադարձությունները: Ֆիլմի գլխավոր հերոսները ֆրանսիացի բժիշկ Ժակը և արցախցի Սոնան են: Ժակը մարտի դաշտում հայտնվում է ճակատագրի բերումով, իսկ Սոնան պայքարում է հանուն իր հայրենիքի և իր ընտանիքի վրեժը թշնամուց լուծելու համար: Հենց այստեղ են միահյուսվում ֆրանսիացի բժշկի և հայ կնոջ պատմությունները: 1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված Ժակը հայտնվում է հայկական կողմում, տեսնում և արձանագրում է, թե ինչպես են հայերը մասնակցում պարտադրված պատերազմի և գնում գիտակցված մահվան հանուն իրենց հայրենիքի և ժողովրդի: Ժակին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը: 

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, պրոդյուսերները՝ Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը: Բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Գեղարվեստական այս ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են և՛ երիտասարդ, և՛ մեծահասակ դերասաններ՝ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Արկադի Ղարագուլյան և այլք։ Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել նաև հրավիրյալ դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը:  

Հոկտեմբերի 5-ին ֆիլմը ցուցադրվելու է Գյումրում: Նախատեսվում է նաև ցուցադրություն Ստեփանակերտում: Այս մասին Eritasard.am-ի հարցին ի պատասխան ասաց պրոդյուսեր Վալերի Սահարյանը. «Մենք ծրագրում ենք մասնակցել միջազգային տարբեր կինոփառատոնների: Արդեն պատրաստել ենք որոշակի հայտեր: Այս մասին ավելի հստակ և կոնկրետ տեղեկություն պարզ կլինի մոտ ապագայում»:

Պատկերասրահ՝ «Իմ խաչը» ֆիլմի պրեմիերան