Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-10-2019
Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին
Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվել գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը:

Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի: 
Նախաձեռնության հեղինակը «Կարապ» ընկերությունն է: «Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսն անցկացվեց հոկտեմբերի 8-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում:
  
«Սա իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների համար և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Ալեքսիս Օհանյանի այս գիրքը հաջողության հասնելու իսկական ուղեցույց է: Գրքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ կծանոթանան նրա գաղափարներին այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու»,-գրքի մասին նշում է «Կարապ» ընկերության հիմնադիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: 

Հատկանշական է, որ գրքի լույսընծայումը համընկել էր Օհանյանի՝ Հայաստան այցի հետ, և հեղինակը սիրահոժար համաձայնել էր ոչ միայն պարզապես ներկա գտնվել շնորհանդեսին, այլև  ելույթով հանդես գալ: 

«Գիրքը գրելու հիմնական պատճառն այն էր, որ շատերն էին հարցնում, թե ոնց հասար այս հաջողությանը, և որպեսզի բոլորին առանձին-առանձին չպատասխանեմ, ես միանգամից որոշեցի գիրք գրել, և գիրքը գրելու համար առանձնացել էի բոլորից, մեկուսացել էի սենյակում: Այդ մեկ շաբաթում եմ գրել գրքի հիմնական մեծ մասը»,- ասաց Ալեքսիս Օհանյանը:

Նշենք, որ գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ և հաստատվել էին: Համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք 4 երեխա ունեցան՝ Վերան, Ջոնը, որը Ալեքսիսի պապն էր, Էլզան ու Մերին:

Օհանյանին կոչում են «Արևելքի դեսպան» նրա Y Combinator կազմակերպության համար: Նա նաև մոտիկից ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, և Ամերիկայում Ալեքսիսին անվանում են «Հայ Ցուկերբերգ»:

Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:

Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի, Օհանյանը նաև մի քանի ուրիշ հաջողված նախագծեր ունի: 2010 թվականին նա մասնակցել է ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը: Բացի այդ, դարձել է Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիրը: 

Ալեքսիս Օհանյանը հպարտանում է իր հայկական արմատներով և պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և ոչ միայն:

Պատկերասրահ՝ Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին