Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-10-2019
Ֆիլմադարան. Բրեդ Փիթի մարմնավորած նոր կերպարը դուրս է գալիս բաց տիեզերք՝ «Դեպի աստղերը»
Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆիլմի գլխավոր դերակատարն է Բրեդ Փիթը:

Երկար սպասված ևս մի ֆիլմ, որը շատ երկար ճանապարհ անցավ մինչ էկրաններին բարձրանալը: Տիեզերական դրամա, որի գլխավոր դերում ամերիկացի դերասան Բրեդ Փիթն է: Ֆիլմի պրեմերան պետք է կայանար դեռ մի քանի ամիս առաջ, սակայն այն մի քամի անգամ հետաձգվեց: 

«Դեպի աստղերը»  ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գրեյը «Los Angeles Times»-ին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ նկարահանումները սկսելուց առաջ նա խորհուրդ ստանալու համար դիմել է ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆինչերին: Նա ցանկացել է հասկանալ, թե ինչպես է ավելի լավ աշխատել Բրեդ Փիթի հետ, ով արդեն նկարահանվել էր Ֆինչերի մի քանի նախագծերում: Հարցազրույցում Գրեյը չի բացահայտել, թե ինչ խորհուրդ է ստացել գործընկերոջից, սակայն պատմել է դերասանի վերաբերյալ իր անձնական կարծիքի մասին:  

«Նա այն աստիճանի անհավանական հմուտ դերասան է, որ ես անգամ չէի սպասում: Նա նաև անհավանական խելացի է, ծայրաստիճան խորաթափանց և հրաշալիորեն հասկանում է մարդկային պահվածքը: Չեմ կարողանում հավատալ, որ ասում եմ այս խոսքերը, բայց Փիթը ասես թերագնահատված դերասան լինի: Թերագնահատված՝ տեխնիկական մակարդակով: Այդպիսի մարդու հետ աշխատելը միայն հաճույք է»,- ասել է ռեժիսոր Գրեյը:

«Դեպի աստղերը»  ֆիլմի գործողությունները ծավալվում են ոչ հեռու ապագայում, երբ մարդկությունը կկարողանա նվաճել մոտ տիեզերքը: Մարդիկ հետազոտում են տիեզերքի գաղտնիքները, մինչ այն պահը, երբ տարօրինակ իրադարձությունների շարանը ևս մեկ անգամ ստիպում է նրանց սարսափով նայել տիեզերական անհունին: Արեգակնային համակարգի ծայրամասերից տարօրինակ ճառագայթում է դուրս բխում, ինչի պատճառով Երկրի վրա սկսում են տեղի ունենալ աղետներ, որոնք հնարավոր է ոչնչացնեն ողջ մարդկությանը: 

Ֆիլմում Բրեդը մարմնավորում է տիեզերագնացի, ով հետազոտում է անծայրածիր տիեզերքը և այնտեղ որոնում է իր հորը, ով անհետացել է տարիներ առաջ: Նկարահանման հրապարակում Փիթին ընկերակցում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են ամերիկացի դերասանուհի և մոդել Լիվ Թայլերը,  ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմի Լի Ջոնսը,  կանադացի դերասան, ում դերասանական կարիերան շարունակվում է ավելի քան հինգ տասնամյակ՝ Դոնալդ Սազերլենդը, դերասանուհի Ռութ Նեգգան և այլք:  

Ֆիլմում աղետների պատճառը թաքնված է Նեպտուն մոլորակի վրա, ուր 16 տարի առաջ այլ քաղաքակրթության որոնումների նպատակով մեկնել է «Լիմա» տիեզերանավի անձնակազմը: Այդ գործողությունը ղեկավարել է Ռոյի (Բրեդ Փիթ) հայրը, ում մարմնավորում է Թոմի Լի Ջոնսը: Եվ հիմա նրա որդի Ռոյը պետք է մեկնի  նրա հետևից, դուրս գա դեպի բաց տիեզերք և գնա դեպի աստղերը: 

Այս ֆիլմը ոչ միայն հայրերի և որդիների մասին է: Այն նաև մարդկության մենակության մասին է: Ջեյմս Գրեյը հավաստիացնում է, որ այդ մտքին նրան բերել է Արթուր Կլարկի խոսքը՝ «2001. Տիեզերական ոդիսական»-ից. «Գոյություն ունի երկու հավանականություն՝ կամ մենք տիեզերքում միայնակ ենք, կամ էլ ոչ: Երկուսն էլ միանման վախեցնում են»: Ռեժիսորի խոսքերով մարդկությունը միշտ ձգտում է ինչ-որ նոր և դեռ անհայտ բանի, բայց չի գնահատում այն ամենն ինչ ունի: Չէ՞ որ բավական է միայն նայել աստղերին, քանի որ ամենահրաշալի բանը գտնվում է Երկրի վրա՝ դա մենք ենք՝ մարդիկ: 

Ֆիլմի թրեյլերը՝