Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-10-2019
Gastro Couture. կայացավ համեղ նորաձևության և նորաձև խոհարարության տոն
Հոկտեմբերի 17-ին Կարեն Դերմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Gastro Couture հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության բացառիկ ցուցադրություն:

Սա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ու «Հարմոնի Երևան» նորաձևության տան համատեղ նախագիծն է, որի նպատակը հայկական ավանդական խոհանոցը նորովի և ֆյուժնի համատեքստում ներկայացնելն է: 

Ստեղծարար էսթետիկայի այս երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինական համադրության համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ազգային խոհանոցն ու մշակույթը: 

«Երեմյան Փրոջեքթս»-ն` ազգային խոհանոցի և հյուրընկալության ավանդույնթերի պահպանման և միաժամանակ դրանք նորովի ներկայացման, ճանաչելիության բարձրացման, իսկ «Հարմոնի Երևան»-ը՝ հայկական բարձր նորաձևության ավանդույթների զարգացման առաքելությամբ են նախաձեռնել GASTRO COUTURE-ը:  

«Gastro Couture-ը մեր պատկերացումների մարմնավորումն է, այն է՝ հայկական խոհանոցն ու մշակույթը ներկայացնել նորովի, ցույց տալ, որ խոհանոցը ոգեշնչման աղբյուր է, արվեստ, և այդ արվեստը սահմաններ չի ճանաչում՝ լինի դա խոհանոց, թե նորաձևություն»- խոսելով նախագծի գաղափարի և նպատակների մասին՝ նշեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը,- «Գաստրո և նորաձևության ինդուստրիաները հաճախ են համատեղվել: Այս կերպ աշխարհահռչակ դիզայներները ցանկացել են յուրօրինակություն, ես կասեի, համ ու հոտ հաղորդել իրենց հավաքածուներին: Բայց մենք նպատակ ունենք նորաձևության կոնցեպտով ներկայացնել հայկական խոհանոցի էսթետիկան և բարձր խոհանոցի հնարավորությունները: Երկու տարբեր, բայց միաժամանակ համատեղելի աշխարհներ, որոնց միաձուլումից ստացվում է բարձր արվեստի նոր գործ: Ուզում եմ ասել, որ սա հնարավորություն է ցույց տալ, որ խոհանոցն էլ կարող է լինել նորաձև։ Այս գեղեցիկ մտահղացումն իրագործում ենք մեր գործընկերների՝ «Հարմոնի Երևան» նորաձևության տան հետ, որի բարձրակարգ և պրոֆեսիոնալ մասնագետներին ոգևորեց այս գաղափարն ու թևեր տվեց մեզ հետ բարձր թռչելու դեպի Gastro Couture-ի աշխարհ»։



Այս ցուցադրության կոնցեպտն ըստ «Հարմոնի Երևան» նորարձևության տան հիմնադիր Լիլիթ Տոնականյանի խնջույքն է:

«Ինչպես մեր նախորդ ցուցադրությունները, այս մեկը ևս առանձնանում է իր կոնցեպտով։ Ցուցադրության առաջին մասում ներկայացված էին ճաշկերույթի պատրաստվելու ընթացքը. շեշտել ենք սպասքադրման գործընթացի կարևորությունը: Օգտագործվել են տարրեր հայկական հենց այն ավանդական ուտեստներից, որոնց հաճախորդը կարող է հանդիպել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում։ Եվ, իհարկե, ցանկացել էինք ընդգծել ռեստորան գնալիս պատրաստվելու արարողակարգի կարևորությունն ու էսթետիկան։ Այստեղ մարդիկ են, կերպարներ, ովքեր մասնակցում են ճաշկերույթի որևէ բարձրակարգ ռեստորանում և իրենց տեսքն էլ նույնքան տարբերվող է, որքան այդ ռեստորանի խոհանոցը»,- նշեց Լիլիթ Տոնականյանը և հավելց՝ շատ ուրախ է,  որ այս տեսակ համագործակցությունը «Երեմյան Փրոջեքթսի» հետ էր,  քանի որ այնպես, ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ն է կարևորում բարձրակարգ սպասարկումն ու բարձր խոհարարական արվեստը, գաստրոմշակույթի զարգացումը մեր երկրում, այնպես էլ իրենք իրենց աշխատանքում ու ոլորտում են կարևորում յուրաքանչյուր մանրուք և մատուցման ձև։

Ցուցադրությունը բաղկացած էր 3 մասից. առաջին մասում կերպաները ներկայացնում էին նորաձև սպասք  և մատուցման արվեստը, երկրորդում՝ հայկական ավանդական խոհանոցը՝ որպես  բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր և երրորդ մասում՝ բարձրակարգ ռեստորան, լիվինգսթոնյան պարահանդես. ռեստորան այցելելու էթիկա և էսթետիկա: 

Ցուցադրության կոնցեպտն ամբողջականցված էր յուրահատուկ ձևավորման և հյուրասիրության միջոցով, ինչն էլ  միջոցառմանը հաղորդում էր  հայկական արքունական  խնջույքի մթնոլորտ: Դահլիճում ներկայացված էր 50 մետր երկարությամբ առատ սեղան՝ լի հայկական ավադական ուտեստներով և քաղցրավենիքով՝  ղափամա, տոլմա, ժենգյալով հաց, գաթա, հայկական չրեր և մրգեր, որոնք ցուցադրության  ավարտից հետո  վայելեցին հյուրերը: 

Ցուցադրության երկու մուտքերը  զարդարված էին «Հայկական գորգի ազգային կենտրոնի» զարդանախշ գորգերով, որոնք ողջ շքեղությամբ ներդաշնակ ձևով գույն էին հաղորդում միջոցառմանը  և խորհրդանշական էին: 

Միջոցառմանը ներկա էին պետական, գործարար, մշակույթի, արվեստի, ռեստորանային և նորաձևության ոլորտների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, լուսանկարիչներ և տեղական ու միջազգային լրատվամիջոցներ: 

Gastro և Couture աշխարհները միավորող և յուրովի մեկնաբանող գաղափարակիցները հույս հայտնեցին, որ այս  միջոցառումը կնպաստի   ինչպես հայկական ավանդական խոհանոցի, այնպես էլ հայկական նորաձևության ճանաչելիության մակարդակի բարձրացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում: