Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2019
Կրթություն-աշխատաշուկա, գործատու-ուսանող կապի սերտացումը՝ տոնավաճառ ՀՊՏՀ–ում
Քայլում եմ դեպի տնտեսագիտական համալսարան։ Բուհի բակում սովորականից ավելի մարդաշատ է։ Ուսանողներն սովորականից ավելի ուրախ են, անհոգ ու ժպիտները դեմքերին։

Մինչ փորձում եմ պարզել միջոցառման էությունն ու կազմակերպիչներին, լսում եմ ուսանողուհիներից մեկ հեռախոսազրույցը․

- Մամ գիտես աշխատանքի առաջարկ եմ ստացել, պետք է փորձաշրջան անցնեմ, հետո էլ հնարավոր է գործի վերցնեն․․․



Դժվար չէր կռահել, թե ինչու էին տարբեր բուհերից ուսանողները ինքնակենսագրականներով շտապում տնտեսագիտական համալսարան։ 

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ համալսարանի բակում կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ, որի գլխավոր նպատակը կրթություն–աշխատաշուկա, գործատու–ուսանող կապի սերտացումն էր։ 



ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիաննա Գալոյանի խոսքով տոնավաճառը նպատակ ունի նաև ապահովվել ուսանողների ոչ ֆորմալ շփումը գործատուների հետ․ «Մեր նպատակներից մեկն էլ բուհի և գործատուների միջև կապին սերտացումն է, գործատուհի պահանջները հասկանալն ու վերլուծելը, որպեսզի մենք էլ համապատասխանորեն իրականացնենք կրթական համակարգի բարեփոխումներ և թողարկել շրջանավարտներ, որոնք օժտված կլինեն այն հմտություններով ու գիտելիքներով որի կարիքը գործատուն ունի»,- նշեց Դիաննա Գալոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերին պատրաստվում են իրականացնել աշխատաժողով գործատուների հետ, որի ընթացքում քննարկվելու է ուսանողի պրակտիկան արդյունավետ կազմակերպելու հարցը։



Տիկին Գալոյանի խոսքով թե՛ գործատուները, թե՛ ուսանողները սրա կարիքն ունեին, և դրա մասին է վկայում նաև այն որ տոնավաճառին մասնակցում էին 54 կազմակերպություն․ «Շատ կազմակերպությունների էլ պարզապես մերժել ենք, քանզի բակում արդեն տեղ չունեինք։ Սակայն այսօրինակ տոնավաճառներ՝ ուսանող–գործատու հանդիպումներ ավելի հաճախ ենք կազմակերպելու։ Տոնավաճառին մասնակցում են ամենատարբեր բանկեր, ապահովագրական ընկերություններ, արդյունաբերական ձեռնարկություններ, IT կազմակերպություններ, ընդ որում թիրախավորել ենք ոչ միայն մեր բուհի ուսանողներին այլև հրավեր ենք ուղարկել տարբեր բուհեր, և մասնակիցում են նաև այլ բուհերի ուսանողներ», ասաց Դիաննա Գալոյանը։

Միջոցառման շրջանակներում անցկացվեցին նաև վարպետության դասեր՝  «Ամենապահանջված մասնագիտությունը», «Ո՞ւմ է փնտրում գործատուն. Աշխատաշուկայի արդի պահանջները Հայաստանում» և «Ինչպե՞ս գրել մրցունակ կենսագրական, մոտիվացիոն նամակ, ինչպե՞ս ներկայանալ աշխատանքի հարցազրույցների» թեմաներով։