Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-10-2019
Սթենլի Քլարքի ելույթով մեկնարկեց Yerevan Jazz Fest 2019-ը
Հանրահայտ բաս կիթառահար, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, Սթենլի Քլարքի ելույթով մեկնարկեց ամենամյա միջազգային ջազ փառատոն Yerevan Jazz Fest 2019-ը:

Ջազի իսկական տոնը մայրաքաղաքում և Երևանի սահմաններից դուրս կազմակերպել նե Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշնը»: Այն տեղի կունենա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը:  

Փառատոնի շրջանակում կիրականացվեն ինքնատիպ համերգներ՝ բացառիկ արտիստների մասնակցությամբ: 

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի բենդն ինքնատիպ ջազ-ռոք համերգ նվիրեց ներկաներին:

Լրագրողների հետ հանդիպմանը մինչ համերգը երաժիշտն ասել էր, որ հազարավոր ստեղծագործություններ ունեն և հաճախ դժվար են կողմնորոշվում, թե ինչ գործեր է անհրաժեշտ կատարել այս կամ այն համերգին: «Երևանում  հնչեցնելու ենք ավանդական, լատինաամերիկյան ջազ»,-նշել էր Սթենլի Քլարքը և հանդիսատեսն անտարբեր չանցավ նրա կատարումների կողքով:

Այնուհետև փառատոնի շրջանակում հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգային երեկո կներկայացնեն շվեդ աշխարհահռչակ բասիստ 

Լարս Դանիելսոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նույնպես հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան և ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը: 

Yerevan Jazz Fest 2019-ը կուղևորվի նաև Գյումրի: Նոյեմբերի 3-ին Հայաթում համերգով հանդես կգան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ տեղի ունկնդրին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր: 

Պատկերասրահ՝ Սթենլի Քլարքը Երևանում